Վիտամինների անբավարարությամբ պայմանավորված սակավարյունություններ

Սակավարյունություն կարող է առաջանալ ոչ միայն երկաթի, այլև որոշ վիտամինների պակասի դեպքում։ Ամենահաճախ հանդիպում են B12 վիտամինի և ֆոլաթթվի (վիտամին B9) պակասորդային սակավարյունությունները։ 

Այս վիտամինները անհրաժեշտ են արյան կարմիր  բջիջների ճիշտ ձևավորման և օրգանիզմում թթվածնի փոխադրման համար։
Երեխաների շրջանում վիտամինային սակավարյունության պատճառ կարող են լինել անբավարար սնունդը (բուսակերություն՝ առանց լրացուցիչ հավելումների, միապաղաղ սնունդ), սննդից վիտամինների վատ յուրացումը (աղիքային հիվանդություններ), նախածննդյան սակավ պաշարները, աճի արագ շրջանների ժամանակ երկաթի պահանջարկի մեծացումը։

Վիտամինային սակավարյունության դեպքում կարող է նկատվել ընդհանուր թուլություն, հոգնածություն, գունատություն, փորկապություն կամ փորլուծություն, սառնության հանդեպ զգայունություն, լեզվի կարմրություն, ցավոտություն, «լաքապատ լեզու», աշխատունակության իջեցում, նյարդաբանական նշաններ վիտամին B12-ի պակասի դեպքում՝ թեթև ցնցումներ, մատների թմրածություն, մոռացկոտություն։ 

Ախտորոշվում է մանրակրկիտ անամնեստիկ տվյալների, արյան ընդհանուր քննության և վիտամին B12-ի, ֆոլաթթվի մակարդակների որոշման հիման վրա։

Հիվանդության զարգացումը կանխելու համար սննդակարգում կարևոր է մսամթերքների, կաթնամթերքի, կանաչ տերևավոր բանջարեղենների (սպանախ, բրոկոլի), լոբազգիների (ոսպ, լոբի), մրգերի, ընկուզեղենի օգտագործումը։ Բուժվում է բժշկի կողմից նշանակված վիտամինային հավելումներով մինչև օրգանիզմում պաշարների լրացվելը։