Հաճախ տրվող հարցեր
1․ Ո՞վ կարող է դառնալ դոնոր
Արյան դոնոր կարող է դառնալ 18 տարին լրացած ցանկացած անձ, որի զարկերակային ճնշումը նորմայի սահմաններում է, երակազարկը՝ 60-90 զ/ր, մարմնի նվազագույն զանգվածը 62 կգ՝ տղամարդկանց դեպքում, 52 կգ՝ կանանց դեպքում։ Կան մի շարք հակացուցումներ, որոնցից բացարձակ են համարվում արյան միջոցով փոխանցվող վարակները, սիրտ-անոթային, նյարդային, շնչառական, մարսողական համակարգերի մի շարք հիվանդությունները, արյան հիվանդությունները, չարորակ նորագոյացությունները և այլն։
Կան հակացուցումներ, որոնք ժամանակավոր են, և դոնորը կարող է որոշ ժամանակ անց հանձնել արյուն։ Դրանք են՝ դաջվածք (6 ամիս), որոշ դեղորայքների օգտագործումը, վիրահատական միջամտությունները (6ամիս), պատվաստումները (10 օրից 6 ամիս), ալերգիայի սուր փուլը, սուր շնչառական վարակներ, հղիությունը (լակտացիայի շրջան), դաշտանի շրջանը (ավարտից հետո նվազագույնը 5 օր) և այլն։
2․ Պլազմաֆերեզ․ ո՞ր դեպքերում է իրականացվում
Պլազմաֆերեզը թերապևտիկ միջամտություն է, որը ցուցված է վնասակար նյութերից (ինչպիսիք են՝ հակամարմինները, տոքսինները կամ իմունային համալիրները) արյունը մաքրելու համար։ Միջամտության ընթացքում պացիենտի արյան պլազման (արյան հեղուկ մասը) հեռացվում է։ Պլազմաֆերեզն իրականացվում է մի շարք աուտոիմուն, նյարդաբանական, ռևմատոլոգիական, արյունաբանական, ալերգոլոգիական, վերարտադրողական, սրտաբանական և թունաբանական հիվանդությունների դեպքում, ինչպես օրինակ` միասթենիա գրավիս, համակարգային կարմիր գայլախտ, թրոմբոտիկ թրոմբոցիտոպենիկ պուրպուրա, ծանր ալերգիաներ, իմունաբանական անպտղություն, մետաղներով թունավորում և այլն։
3․ Արդյո՞ք քաղցկեղը ժառանգական է
Քաղցկեղը ինքնին ժառանգական կերպով չի փոխանցվում, սակայն որոշ մարդկանց մոտ կարող է լինել ժառանգական նախատրամադրվածություն, որի դեպքում որոշակի գործոնների ազդեցության տակ սերունդների մոտ կարող է զարգանալ տվյալ քաղցկեղային հիվանդությունը։ Եթե ընտանիքում եղել են նման դեպքեր, խորհուրդ է տրվում պահպանել առողջ ապրելակերպ, բացառել վնասակար սովորությունները և անցնել պարբերական կանխարգելիչ ստուգումներ։
4․ Ինչի՞ց է առաջանում սակավարյունությունը
Սակավարյունությունը (անեմիա) պայմանավորված է էրիթրոցիտների և հեմոգլոբինի մակարդակի նվազմամբ։ Այն կարող է առաջանալ երկաթի, վիտամին B12-ի կամ ֆոլաթթվի պակասի, արյան կորստի, խրոնիկ հիվանդությունների կամ ոսկրածուծի խանգարումների պատճառով։ Խորհուրդ է տրվում պահել հավասարակշռված և սննդարար սննդակարգի(մասնավորապես` օգտագործել կարմիր միս)։