Ցողունային բջիջների լաբորատորիա

Ցողունային բջիջների լաբորատորիան գործում է 2017թ.-ից: Այն ՀՀ-ում գործող միակ լաբորատորիան է, որն իրականացնում է ոսկրածուծից և մոբիլիզացված ծայրամասային արյունից հավաքագրված արյունաստեղծ ցողունային բջիջների /ԱՑԲ/ մշակում, սառեցում և կրիոպահպանում՝ կլինիկական կիրառման համար:

Լաբորատորիայում բջիջների հետ բոլոր մանիպուլյացիաներն իրականացվում են GMP B դասին համապատասխանող «մաքուր տարածք»-ում, որը համալրված է սեփական օդափոխության համակարգով։ Մշակումից առաջ հետազոտվում են ԱՑԲ-ի կոնցենտրատի քանակական և որակական հատկանիշները՝ բջջային կազմը, կորիզպարունակող և մոնոնուկլեար բջիջների քանակը, CD34+/CD45+/7AAD- իմունաֆենոտիպով բջիջների քանակը և նրանց կենսունակությունը: Կլոնոգեն թեստերի կիրառմամբ գնահատվում է ԱՑԲ-ների պրոլիֆերատիվ և տարբերակման ներուժը:

Մշակման ընթացքում հատուկ մեթոդների կիրառմամբ (ցենտրիֆուգում, սեդիմենտացիա, պլազմայի անջատում, իմունամագնիսական սեպարացիա) կատարվում է փոխպատվաստանյութի մաքրումը և ծավալի նվազեցումը:

Փոխպատվաստանյութի սառեցումն իրականացվում է 5-փուլային ծրագրով, ինչը հնարավորություն է տալիս առավելագույնս պահպանել ԱՑԲ-ների կենսունակությունը: Այնուհետև, փոխպատվաստանյութը տեղափոխվում է հեղուկ ազոտով լցված թերմոբոքսեր, որոնք զինված են շուրջօրյա հսկման համակարգով, ինչի շնորհիվ ԱՑԲ-ները կարող են պահպանվել տարիների ընթացքում առանց կենսունակության և կենսաբանական ակտիվության կորստի:


Առկա սարքավորումներն են՝

  • Արյունաբանական անալիզատոր՝ Sismex XN-350, Ճապոնիա
  • Ծրագրային սառեցնող սարք՝ CryoMed, Thermo Fisher Scientific, ԱՄՆ` կիրառվում է տարբեր կենսաբանական նմուշների կառավարվող սառեցման համար:
  • 10K Series կրիոգենային պահոց, Taylor Warton, ԱՄՆ` հեղուկ ազոտում կենսաբանական նմուշների երկարաժամկետ պահպանման համար:
  • CliniMacs մագնիսական սեպարատոր, Miltenyi Biotec GmBH, Գերմանիա` կիրառվում է բջջային սուսպենզիայից բջիջների ընտրած պոպուլյացիայի անջատման համար:
  • CO2 ինկուբատոր, Thermo Fisher Scientific, ԱՄՆ՝ կիրառվում է բջիջների կուլտիվացման համար:
  • Սառցախցիկներ, սառնարաններ, Դյուարի անոթներ (եղուկ ազոտի համար), լամինար հոսքով պահարաններ և այլն:
# Անվանում Նմուշ Արժեք
1 Երեխայի պորտալարի արյան կրիոպահպանում /1 տարի/ Պորտալարի արյուն 80000 ֏
2 Ծայրամասային արյունից ստացած 1 պարկ /200-250 մլ/ արյունաստեղծ ցողունային բջիջների մշակում, գնահատում և 1 տարի կրիոպահպանում Արյունաստեղծ ցողունային բջիջների կոնցենտրատ 470000 ֏