Կենտրոնն այսօր

ՀՀ առողջապահության նախարարության ««Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոն» ՓԲԸ-ն Հայաստանում արյան համակարգի եզակի, ինչպես նաև ուռուցքային հիվանդությունների ախտորոշման և բուժման առաջատար կենտրոն է։ Կենտրոնում իրականացվում է ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների լիարժեք ախտորոշում և բուժում՝ ըստ միջազգային ժամանակակից ուղեցույցների։
Կենտրոնի մատուցած ծառայությունների ցանկը վերջին տարիներին զգալիորեն ընդլայնվել է՝ ընդգրկելով ոչ միայն արյունաբանական, այլև ուռուցքաբանական հիվանդությունների բազմակողմանի բուժում։
««Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի եզակիությունը պայմանավորված է մի շարք բացառիկ ստորաբաժանումների առկայությամբ, որոնք ապահովում են համապարփակ և բարձրակարգ մասնագիտական ծառայություններ՝
- «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան բանկը ( ներառյալ մարզային բաժանմունքները)՝ հանդիսանում է Հայաստանում արյան պետական պաշարների միակ կենտրոնը, որն ապահովում է արյան և դրա բաղադրամասերի պահպանումն ու տրամադրումը ՀՀ ողջ տարածքով՝ բուժման բոլոր փուլերում անվտանգությունն ու արդյունավետությունը երաշխավորելու համար։
- Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոն՝ ապահովում է արյան և ուռուցքային հիվանդություններ ունեցող երեխաների ախտորոշումն ու լիարժեք բուժումը։ Կենտրոնը գործում է միջազգային չափանիշներին համապատասխան՝ ապահովելով որակյալ մասնագիտական խնամք և աջակցություն երեխաներին ու նրանց ընտանիքներին։
- Ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունք՝ իրականացվում է արյունաստեղծ ցողունային բջիջների փոխպատվաստում՝ արյան համակարգի հիվանդությունների, բնածին և ձեռքբերովի իմունային անբավարարությունների, ինչպես նաև երեխաների և մեծահասակների չարորակ նորագոյացությունների որոշ ձևերի բուժման նպատակով։
- Հեմոֆիլիայի և թրոմբոզների կենտրոն՝ իրականացվում են արյան մակարդման և արյունահոսական բնույթի ժառանգական, ձեռքբերովի հիվանդությունների ախտորոշում, բուժում:
- Ցողունային բջիջների լաբորատորիա՝ ՀՀ-ում գործող միակ լաբորատորիան է, որն իրականացնում է ոսկրածուծից և մոբիլիզացված ծայրամասային արյունից հավաքագրված արյունաստեղծ ցողունային բջիջների /ԱՑԲ/ մշակում, սառեցում և կրիոպահպանում՝ կլինիկական կիրառման համար:
«Յոլյան» կենտրոնը համալրված է նորագույն սերնդի ախտորոշիչ և բուժական սարքավորումներով, իսկ բուժման գործընթացները հիմնված են միջազգային չափանիշներին համապատասխան ծրագրերի վրա, ներառյալ՝
- Թիրախային թերապիա (Targeted Therapy)՝ թիրոզին կինազայի ինհիբիտորներ, բրուտոն կինազայի ինհիբիտորներ, մոնոկլոնալ հակամարմիններ և այլն,
- Բջջային թերապիա՝ ոսկրածուծի և ցողունային բջիջների փոխպատվաստմամբ (այդ թվում՝ ինքնալին և անհամատեղելի դոնորային),
- Քիմիաթերապիայի ժամանակակից սխեմաներ (բարձր դեղաչափային քիմիաթերապիա),
- Իմունաթերապիա։
Կենտրոնը սերտ համագործակցում է միջազգային ճանաչում ունեցող բժշկական հաստատությունների և մասնագիտացված կազմակերպությունների հետ՝ ապահովելով մեր բուժառուների համար բարձրակարգ և ժամանակակից բուժում։
Կարևորելով նաև կրթության դերը, «Յոլյան» կենտրոնը հանդիսանում է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի արյունաբանության, ուռուցքաբանության և մանկական ուռուցքաբանության ու արյունաբանության ամբիոնների կլինիկական բազան, որտեղ իրականացվում են ուսումնական, գիտահետազոտական և պրակտիկ աշխատանքներ՝ նպաստելով նոր սերնդի մասնագետների պատրաստմանը։
Մեր բժշկական անձնակազմը պարբերաբար մասնակցում է վերապատրաստումների ԱՄՆ-ում, Գերմանիայում, Չեխիայում, Ռուսաստանում և աշխարհի տարբեր երկրների առաջատար բժշկական կենտրոններում։