«Միասնություն՝ կյանքի համար»․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Երեկ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում՝ «Միասնություն՝ կյանքի համար» խորագրի ներքո, ամփոփվեց մի նախաձեռնություն, որն ամիսների ընթացքում վերածվեց համազգային շարժման՝ միավորելով Հայաստանի բժշկական հաստատություններին մեկ գաղափարի շուրջ, այն է՝ կյանքեր փրկել։

Էստաֆետային ձևաչափով իրականացված նախաձեռնությունն ընդգրկեց հանրապետության մի շարք մարզեր և Երևանը՝ ձևավորելով անվարձահատույց արյունատվության մշակույթ, համագործակցություն և սոցիալական պատասխանատվություն՝ առողջապահական համակարգի ուժեղացման համար։

Միջոցառմանը ներկա էին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և փոխնախարար Արմեն Գասպարյանը, ովքեր բարձր գնահատեցին նախաձեռնության նշանակությունը և դրա ազդեցությունը հանրային առողջապահության վրա։

«Յոլյան» կենտրոնի տնօրեն Հայկ Գրիգորյանը իր ելույթում շեշտեց արյունատվության կենսական դերը բժշկության մեջ՝ ընդգծելով հատկապես մարզային բժշկական կենտրոնների ակտիվ մասնակցությունն ու համախմբված աշխատանքը, որը դարձավ նախաձեռնության հաջողության առանցքային բաղադրիչներից մեկը։

Օրվա ընթացքում «Յոլյան» կենտրոնի աշխատակիցները ևս մեկ անգամ միացան անվարձահատույց արյունատվությանը՝ սեփական օրինակով հաստատելով, որ մարդասիրությունը, նվիրվածությունն ու թիմային աշխատանքը կարող են վերածվել իրական փրկության։

Միջոցառման ամենախորհրդանշական պահերից մեկը կենտրոնի փոքրիկ բուժառուների հետ ստեղծված համատեղ պատկերն էր՝ որպես հիշեցում, որ յուրաքանչյուր արյունատվություն, յուրաքանչյուր մասնակցություն և յուրաքանչյուր միավորում ուղղված է ապագային։ 

Շնորհակալություն ենք հայտնում «Յոլյան» կենտրոնի անձնակազմին՝ նախաձեռնությունն իրագործելու համար, ինչպես նաև բոլոր բժշկական հաստատություններին և գործընկերներին, ովքեր մեկ տարի շարունակ այս նախաձեռնությունը կյանքի են կոչել՝ հավատալով մեկ գաղափարի․

Միասնությունը կյանք է տալիս։

Հերթագրվել

010283800 Հերթագրվել