Հնդկաստանի դեսպանատան կողմից «Յոլյան»կենտրոնին է  տրամադրվել 21600 դեղապատիճ  «Կելֆեր» դեղամիջոց

Հայաստան–Հնդկաստան առողջապահական համագործակցությունը շարունակվում է․ արդեն երկար տարիներ է, ինչ Հնդկաստանի դեսպանատան կողմից մեզ տրամադրվում է «Կելֆեր» դեղամիջոցը։

Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան այցելել է ՀՀ ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոն և պաշտոնապես հանձնել թալասեմիայի բուժման համար անհրաժեշտ «Կելֆեր» (դեֆերիպրոն) դեղամիջոցի նոր խմբաքանակը։ Այս անգամ կենտրոնին նվիրեցին 21 600 դեղապատիճ։

Դեսպանին «Յոլյան» կենտրոնում դիմավորել են ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, կենտրոնի ղեկավար Հայկ Գրիգորյանը և կենտրոնի մասնագետները։ Հանդիպման ընթացքում իրականացվեց շրջայց՝ ներկայացնելու կենտրոնի գործունեությունը և առկա բուժական հնարավորությունները։

Թալասեմիան արյան ժառանգական հիվանդություն է։ Հոմոզիգոտ թալասեմիայով հիվանդ պացիենտները հաճախ ստանում են կանոնավոր արյան փոխներարկումներ, ինչի հետևանքով օրգանիզմում կուտակվում է ավելցուկային երկաթ։ Երկաթի գերբեռնվածությունը կարող է հանգեցնել սրտային, լյարդային և էնդոկրին համակարգերի լուրջ բարդությունների։

 «Կելֆեր»-ը կապում է ավելցուկային երկաթը և նպաստում դրա դուրսբերմանը օրգանիզմից՝ նվազեցնելով թունավոր ազդեցությունը, պաշտպանելով օրգանները և բարելավելով հիվանդների կյանքի որակն ու տևողությունը։ Այս դեղամիջոցի շարունակական ընդունումը թալասեմիայով պացիենտների բուժման անբաժանելի մասն է։

 Այս նախաձեռնությունը ևս մեկ անգամ վկայում է Հայաստան–Հնդկաստան առողջապահական համագործակցության ամրության և շարունակականության մասին։

Հերթագրվել

010283800 Հերթագրվել