Հայաստանի գիտական ներկայությունը՝ «ISTH 2026»-ում. «Յոլյան» կենտրոնի մասնագետները՝ համաշխարհային կոնգրեսում

2026 թվականին Փարիզում կայացած Հեմոստազի և Թրոմբոզի միջազգային ընկերության (ISTH 2026) համաշխարհային կոնգրեսը համախմբեց աշխարհի առաջատար մասնագետներին, հետազոտողներին և կլինիցիստներին՝ դառնալով գիտական փորձի փոխանակման և միջազգային համագործակցության առանցքային հարթակ։ Կոնգրեսում ներկայացվեցին հեմոստազի, թրոմբոզի և արյունահոսական հիվանդությունների ոլորտում վերջին գիտական ձեռքբերումները, նոր հետազոտական արդյունքներն ու բուժման ժամանակակից մոտեցումները։

Մեծ հպարտությամբ կարող ենք նշել, որ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի բժիշկների և կլինիկական օրդինատորների թիմը ակտիվ և արժանապատիվ մասնակցություն ունեցավ այս հեղինակավոր գիտաժողովին՝ միջազգային գիտական հանրությանը ներկայացնելով Հայաստանի փորձը, գիտական ներուժը և կլինիկական արդյունքները։

Հեղինե Ս. Խաչատրյանի գլխավորած գիտական թիմը «ISTH 2026» կոնգրեսում ներկայացրեց 12 գիտական աշխատանք՝ բանավոր և պոստերային ներկայացումների ձևաչափերով։ Հետազոտություններն ընդգրկում էին հեմոֆիլիայի, թրոմբոզի, հեմոստազի խանգարումների, հազվագյուտ արյունաբանական հիվանդությունների, կլինիկական հետազոտությունների և առողջապահական համակարգի կազմակերպման արդիական թեմաներ։ Դրանք վկայում են Հայաստանում ոլորտի մասնագիտական բարձր ներուժի, գիտական ակտիվության և տարիների ընթացքում կուտակված կլինիկական փորձի մասին։

Առանձնակի հպարտության առիթ էր, որ թիմի բժիշկներն ու կլինիկական օրդինատորները ներկայացրին ինչպես միջազգային գրախոսվող գիտական ամսագրերում արդեն հրապարակված աշխատանքներ, այնպես էլ նոր հետազոտությունների արդյունքներ։ Դրանք արժանացան միջազգային մասնագիտական հանրության մեծ հետաքրքրությանը և բարձր գնահատականին։ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի գիտական թիմի մասնակցությունը ևս մեկ անգամ հաստատեց, որ Հայաստանի մասնագետներն ունեն միջազգային մրցունակ գիտական և կլինիկական ներուժ՝ համաշխարհային հարթակներում ներկայացնելով բարձրորակ հետազոտություններ և ժամանակակից կլինիկական փորձ։

Կոնգրեսի ընթացքում կայացան նաև բազմաթիվ աշխատանքային հանդիպումներ միջազգային կազմակերպությունների և մասնագիտական ընկերությունների ղեկավարների հետ՝ նպատակ ունենալով զարգացնել հետագա համագործակցությունը, կրթական ծրագրերը, բազմակենտրոն հետազոտությունները և հիվանդների բուժման հնարավորությունները Հայաստանում։

Կոնգրեսի կարևոր իրադարձություններից էր նաև հանդիպումը Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի (WFH) գլխավոր գործադիր տնօրեն Ալան Բաումանի հետ։ Իր ելույթում նա բարձր գնահատեց Հայաստանի ներդրումը Ժառանգական արյունահոսական խանգարումների վերաբերյալ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պատմական բանաձևի ընդունման գործընթացում՝ հատուկ ընդգծելով Հայաստանի Հանրապետության ակտիվ, հետևողական և սկզբունքային դերակատարությունը այդ կարևոր նախաձեռնության հաջողության ապահովման գործում։

Պարոն Բաումանը շնորհակալություն հայտնեց Հայաստանի Հանրապետությանը և Հայաստանի առողջապահության նախարարությանը՝ միջազգային համագործակցության, առաջնորդության և համատեղ աշխատանքի համար՝ ընդգծելով, որ նման գործընկերությունը կարևոր նշանակություն ունի ամբողջ աշխարհում արյունահոսական հիվանդություններով ապրող պացիենտների կյանքի որակի բարելավման և նրանց բուժօգնության հասանելիության ապահովման գործում։

«ISTH 2026»-ին Հայաստանի ներկայությունը դարձավ ոչ միայն գիտական ձեռքբերումների ներկայացման հնարավորություն, այլև կարևոր քայլ՝ Հայաստանի հեղինակության ամրապնդման, միջազգային գործընկերությունների ընդլայնման և հայկական արյունաբանության ու հեմոստազի դպրոցի տեսանելիության բարձրացման ուղղությամբ։

«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնը շարունակելու է խրախուսել գիտահետազոտական գործունեությունը, աջակցել երիտասարդ մասնագետների մասնագիտական զարգացմանը և ընդլայնել միջազգային համագործակցությունը՝ նպաստելով Հայաստանում հեմոստազի և թրոմբոզի ոլորտի շարունակական զարգացմանը և հիվանդներին ապացույցների վրա հիմնված, բարձրորակ բժշկական օգնության տրամադրմանը։

Հերթագրվել

010283800 Հերթագրվել