Home Նորություններ Երևանում կայացավ «Բուժքույրական սատելիտային սիմպոզիում» երկօրյա միջազգային գիտաժողովը
Երևանում կայացավ «Բուժքույրական սատելիտային սիմպոզիում» երկօրյա միջազգային գիտաժողովը
2026 թվականի հունվարի 19–20-ին՝ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի, Open Medical Institute (OMI)-ի, Հայկական արյունաբանական ասոցիացիայի և «Ուռուցքաբանության, արյունաբանության և պալիատիվ խնամքի Հայաստանի բուժքույրերի միության» համագործակցությամբ, Հայաստանում առաջին անգամ, կայացավ «Բուժքույրական սատելիտային սիմպոզիում» միջազգային գիտաժողովը։
Երկօրյա սիմպոզիումը դարձավ կարևոր հարթակ բուժքույրական կրթության զարգացման, միջազգային փորձի փոխանակման և մասնագիտական կարողությունների խորացման համար՝ հատկապես ծանր և կյանքի համար վտանգավոր հիվանդություններով պացիենտների խնամքի ոլորտում։
Սիմպոզիումի շրջանակում ներկայացվեցին ապացույցների վրա հիմնված գիտելիքներ, գործնական մոտեցումներ և մասնագիտական քննարկումներ, որոնք նպաստեցին հաղորդակցության, թիմային աշխատանքի և պալիատիվ խնամքի դերի վերարժևորմանը բուժքույրական գործում։
«Բուժքույրական գործն առողջապահական համակարգի առանցքային բաղադրիչներից մեկն է, որը չի սահմանափակվում միայն մասնագիտական պարտականությունների կատարմամբ, այլև ներառում է ամենօրյա հոգատարություն և մարդկային աջակցություն», —գիտաժողովի բացման խոսքում նշեց «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրեն Հայկ Գրիգորյանը։
Միջազգային խոսնակներ Քերի Լ. Քորմաքը և Սառա Լոուրին իրենց փորձով և գործնական օրինակներով հարստացրին քննարկումները՝ ներկայացնելով ժամանակակից մոտեցումներ ուռուցքաբանության և պալիատիվ խնամքում բուժքույրական գործի վերաբերյալ։
Սիմպոզիումը դարձավ ոչ միայն կրթական, այլև համագործակցային միջավայր՝ միավորելով հայաստանյան բուժքույրերին, միջազգային մասնագետներին և ոլորտի կազմակերպություններին։
Միջոցառման կայացման պլատինե գործընկերներն էին՝
«Կոնցեռն-Էներգոմաշ» ՓԲԸ-ն,
Vanar Group ընկերությունը,
Թեոֆարմա ընկերությունը: