Home Նորություններ Երախտագիտության նամակ` արյան դոնորից
Երախտագիտության նամակ` արյան դոնորից
Հարգելի՛ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան բանկի ղեկավարություն և ողջ անձնակազմ,
Մարդկության պատմության մեջ կան «նվերներ», որոնք հնարավոր չէ ստեղծել ոչ գիտությամբ, ոչ տեխնոլոգիայով, ոչ էլ ամենահզոր տնտեսությամբ։ Դրանցից մեկը մարդու կողմից մարդուն տրվող արյունն է։ Այն միակ կենսական ռեսուրսն է, որը հնարավոր չէ (դեռ) արտադրել, փոխարինել. այն կարող է ծնվել միայն մեկ մարդու պատրաստակամությունից՝ իր կյանքի մի մասն անշահախնդիր կերպով կիսելու մեկ այլ, հաճախ իրեն բոլորովին անծանոթ մարդու հետ։ Այդ պատճառով արյան դոնորությունը վաղուց արդեն բժշկական միջամտություն չէ. այն քաղաքակրթության բարոյական հասունության չափանիշներից մեկն է։ Իսկ այն մարդիկ, ովքեր իրենց մասնագիտական կյանքը նվիրել են այդ առաքելությանը, ամեն օր կանգնած են կյանքի և հույսի միջև եղած ամենանուրբ սահմանագծին՝ ապահովելով, որ յուրաքանչյուր կաթիլ արյուն ճիշտ պահին հասնի նրան, ում համար այն պարզապես բուժում չէ, այլ ապրելու հնարավորություն։
Այս գիտակցությամբ էլ այսօր այցելել էի Ձեր կենտրոն՝ տարիներ հետո կրկին դառնալու արյան դոնոր։
Անկեղծ ասած՝ դեռ մուտքից զգացվում էր, որ այստեղ ամեն ինչ կազմակերպված է սիրով ու պատասխանատվությամբ։ Խնամված բակը, բացառիկ մաքրությունը, կարգապահությունը, հանգիստ մթնոլորտը և յուրաքանչյուր մանրուքի նկատմամբ ուշադրությունը ստեղծում էին այն վստահությունը, որ մարդը ճիշտ վայրում է հայտնվել։
Արյան հանձնումն ընթացավ հանգիստ և մասնագիտական բարձր մակարդակով։ Սակայն, ինչպես երբեմն սիրում է կյանքը՝ ամեն ինչ ավարտվեց ոչ այնքան դասագրքային սցենարով. իմ օրգանիզմը որոշեց ինքնուրույն ստեղծագործել և անսպասելիորեն արձագանքեց ուշաթափությամբ։
Սակայն հենց այդ պահին առավել ակնհայտ դարձավ այն, ինչն ամենակարևորն էր։ Ես շրջապատված էի մարդկանցով, որոնք ոչ միայն բարձրակարգ մասնագետներ էին, այլև իսկապես հոգատար մարդիկ։ Ինձ անմիջապես ցուցաբերվեց անհրաժեշտ բուժօգնություն, շարունակաբար վերահսկվեց վիճակս, և մինչև լիարժեք վերականգնվելը ոչ մի պահ ինձ մենակ չթողեցին։ Այդ վերաբերմունքն արդեն դուրս էր զուտ մասնագիտական պարտականությունների շրջանակներից. այն մարդկային էր, արժանապատիվ և վստահություն ներշնչող։
Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել Մարգարիտային, Սյուզիին, բաժանմունքի պետ պարոն Պետրոսյանին, ինչպես նաև այն բժիշկներին և բուժանձնակազմի անդամներին, որոնց անունները, ցավոք, իմ ոչ այնքան «հերոսական» ավարտի պատճառով չհասցրեցի հիշել, բայց որոնց մասնագիտական պատրաստվածությունն ու հոգատարությունը երբեք չեմ մոռանա. իմ օրգանիզմի անհատական և անկանխատեսելի «վերաբերմունքին» կենտրոնի աշխատակիցներն արձագանքեցին արագ, ճիշտ և բացառիկ պրոֆեսիոնալիզմով։
Որպես մարդ, ով երկար տարիներ աշխատել է պետական համակարգում և առողջապահական ու սոցիալական ոլորտների հետ համագործակցության փորձ ունի, կարող եմ վստահ ասել, որ նման իրավիճակներում առավել լավ է երևում ոչ թե տեխնիկան, այլ մասնագետի իրական որակը։
Խոստովանեմ՝ մինչ այս օրն արդեն մտովի որոշել էի, որ պատրաստվում եմ յուրաքանչյուր վեց ամիսը մեկ վերադառնալ որպես դոնոր։ Սակայն, կարծես, այդ ծրագրի վերաբերյալ իմ և Արյան բանկի մասնագետների կարծիքները փոքր-ինչ տարբերվեցին. հաշվի առնելով իմ օրգանիզմի այսօրվա «ստեղծագործական մոտեցումը», գուցե այս գաղափարը վերանայելու կարիք կա…
Սակայն, անկախ նրանից՝ ապագայում ինձ կրկին կհաջողվի դոնոր դառնալ, թե՝ ոչ, մեկ բան հաստատ գիտեմ. այսօրվա փորձառությունից հետո ես հաստատ շարունակելու եմ պատմել մարդկանց, թե որքան կարևոր է արյունատվությունը և որքան բարձր մակարդակով է այդ առաքելությունն իրականացվում «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան բանկում։
Շնորհակալություն Ձեզ ոչ միայն մասնագիտական աշխատանքի, այլև մարդկային վերաբերմունքի, արժանապատվության, հոգատարության և այն վստահության համար, որը փոխանցում եք յուրաքանչյուր այցելուի։ Վստահ եմ, որ Ձեր ամենօրյա աշխատանքը շարունակում է փրկել անհամար կյանքեր, իսկ այդպիսի առաքելությունը լավագույն գնահատականն է, որ կարող է ունենալ որևէ մասնագիտություն։
Խորին հարգանքով և երախտագիտությամբ՝
Էլինա Մխիթարյան