Թոքի չարորակ նորագոյացություններ

Թոքի քաղցկեղն ամբողջ աշխարհում տղամարդկանց շրջանում ամենահաճախ հանդիպող չարորակ հիվանդություններից է։ Միևնույն ժամանակ շատ երկրներում այն առանձնանում է բարձր մահացությամբ։ Թոքի քաղցկեղի առաջացման գլխավոր ռիսկի գործոնը ծխելն է, ընդ որում բարձր ռիսկի խմբում են նաև պասիվ ծխողները (ծխելը դադարեցնելը նվազեցնում է թոքի քաղցկեղի առաջացման ռիսկը), ռիսկի գործոններից են նաև շրջակա միջավայրի ախտոտվածությունը։

Թոքի քաղցկեղը դասակարգվում է ըստ բջջային կառուցվածքի՝ հիմնականում երկու խոշոր խմբի՝ մանրբջջային (SCLC — Small Cell Lung Cancer) և ոչ մանրբջջային (NSCLC — Non-Small Cell Lung Cancer)։ Սրանք տարբերվում են իրենց աճի արագությամբ, տարածման ձևով և բուժման մոտեցումներով։


Մանրբջջային թոքի քաղցկեղը (SCLC) բաղկացած է փոքր, կլորավուն, խիտ բջիջներից, որոնք շատ արագ բաժանվում և տարածվում են օրգանիզմում։ Այն արագորեն ներթափանցում է շրջակա հյուսվածքներ և մետաստազներ է տալիս՝ հատկապես լիմֆատիկ համակարգով ու արյունային շրջանառությամբ։ SCLC-ն սովորաբար հանդիպում է ծխողների մոտ։  

Ոչ մանրբջջային թոքի քաղցկեղը (NSCLC) համարվում է թոքի քաղցկեղների ավելի դանդաղ զարգացող տեսակ, որը ներառում է տարբեր հյուսվածքային ենթատեսակներ՝ ադենոկարցինոմա, սկվամոզ բջջային կարցինոմա և մեծ բջջային կարցինոմա։ Այս տեսակի քաղցկեղը սովորաբար տեղայնացած է և դանդաղ է տարածվում։

Հաճախ թոքի քաղցկեղն ախտորոշվում է հիվանդության ուշ շրջաններում կլինիկական նշանների առաջանալուց հետո։ Երբեմն թոքի քաղցկեղն ախտորոշվում է պատահականորեն, այլ հիվանդությունների կապակցությամբ իրականացվող հետազոտությունների արդյունքում։

Կլինիկական նշաններ՝ Թոքի քաղցկեղի կլինիկական նշաններն են՝ հազ, դժվարաշնչություն, կրծքավանդակի ցավ, արյունախխում, ձայնի խռպոտություն։

Բուժում՝ Բուժման ընտրությունը կախված է թոքի քաղցկեղի տեսակից, ինչպես նաև հիվանդության տարածվածության աստիճանից։ Կարող են օգտագործվել ինչպես վիրահատական, այնպես էլ դեղորայքային և ճառագայթային բուժման եղանակներ։