Շագանակագեղձի չարորակ նորագոյացություններ

Շագանակագեղձի քաղցկեղը տղամարդկանց շրջանում հանդիպող չարորակ նորագոյացություն է և առաջանում է պրոստատ կոչվող փոքր գեղձում, որը մասնակցում է սերմնահեղուկի արտադրությանը։ Այն հանդիպում է հիմնականում միջին և բարձր տարիքի անձանց մոտ և հաճախ զարգանում է դանդաղ, որևէ ախտանիշ չի առաջացնում։ Երբ ախտանշաններ ի հայտ են գալիս, դրանք կարող են ներառել միզարձակման դժվարություն, հաճախամիզություն, արյուն մեզում, արտահայտված ցավ՝ կոնքի շրջանում։

Շագանակագեղձի քաղցկեղի հայտնաբերման հիմնական մեթոդներն են՝

  • ՊՍԱ թեստ (Prostate-Specific Antigen)՝ արյան մեջ շագանակագեղձի հատուկ սպիտակուցի մակարդակի չափում։
  • ուղիղ աղիքային մատնային զննում (DRE)՝ շագանակագեղձի փոփոխությունների շոշափում։
  • բիոպսիա՝ քաղցկեղի վերջնական հաստատման համար։
  • տրանսռեկտալ ուլտրաձայնային հետազոտություն (TRUS) և ՄՌՏ-բիոպսիա, երբեմն կիրառվում են բիոպսիան ավելի ճշգրիտ ուղղորդելու համար։

Բուժման նպատակով կարող է իրականացվել վիրահատություն (պրոստատեկտոմիա), ճառագայթային թերապիա, հորմոնալ թերապիա, քիմիաթերապիա․ ընտրությունը կախված է հիվանդի տարիքից, ընդհանուր առողջական վիճակից, ուռուցքի աստիճանից և տարածվածությունից։

Շագանակագեղձի քաղցկեղը վաղ փուլերում բուժելի է։ Սակայն եթե անտեսվի, կարող է տարածվել դեպի ոսկրեր, ավշային հանգույցներ և այլ օրգաններ։