Ռաբդոմիոսարկոման փափուկ հյուսվածքային չարորակ ուռուցք է, որն առավել հաճախ հանդիպում է մանկական տարիքում։ Այն սովորաբար զարգանում է մկանային հյուսվածքից և հանդիսանում է փափուկ հյուսվածքների սարկոմաների ամենատարածված տեսակը: Այս հիվանդության առաջացման պատճառը դեռևս մնում է անհայտ։ Առանձնացվում են ռաբդոմիոսարկոմայի երկու հիմնական տեսակներ՝
1․ էմբրիոնալ (ռաբդոմիոսարկոմայի ամենատարածված տեսակը), որն առավել հաճախ հանդիպում է գլխի և պարանոցի կամ միզասեռական օրգանների շրջանում, բայց կարող է առաջանալ մարմնի ցանկացած մասում:
2․ ալվեոլյար, որն առավել հաճախ հանդիպում է վերջույթների, կրծքավանդակի, որովայնի, սեռական օրգանների կամ անալ շրջանում: Ռաբդոմիոսարկոմայի կլինիկական նշանները կարող են տարբեր լինել՝ կախված ուռուցքի տեղակայումից (գոյացություն կամ այտուցվածություն մարմնի ցանկացած մասում, կարող է ուղեկցվել ցավով, աչքի արտանկում, գլխացավեր, միզարձակման խանգարումներ կամ փորկապություն/փորլուծություն, մեզում արյան առկայություն, քթային, կոկորդային, հեշտոցային կամ ուղիղ աղիքային արյունահոսություններ)։ Ռաբդոմիոսարկոմայի ախտորոշումը ներառում է գործիքային հետազոտությունները (ուլտրաձայնային հետազոտություն, ռենտգեն քննություն, համակարգչային շերտագրություն, մագնիսառեզոնանսային շերտագրություն, ոսկրերի սկանավորում), ախտահարված հատվածի բիոպսիան՝ հյուսվածաբանական և իմունոհիստոքիմիական քննություններով։ Ռաբդոմիոսարկոմայի դեպքում կիրառվող բուժման եղանակներն են՝ վիրահատությունը, քիմիաթերապիան և ճառագայթային բուժումը։
Ապրելիությունը՝
• Ցածր ռիսկի խմբում գտնվող ռաբդոմիոսարկոմա ունեցող հիվանդների մոտ, որոնք կազմում են դեպքերի շուրջ 30%-ը, կարող է լինել գերազանց՝ 90% և ավելի,
• Միջին ռիսկի հիվանդների 5-ամյա ընդհանուր ապրելիությունը կազմում է մոտ 55-ից 65%,
• Մետաստատիկ ալվեոլար ռաբդոմիոսարկոմայով հիվանդների (15-20% դեպքերի) դեպքում այն զգալիորեն նվազում է՝ 20%-ից ցածր։