Ոսկրային ուռուցքները գոյանում են ոսկրային հյուսվածքում և, ինչպես փափուկ հյուսվածքների դեպքում, կարող են լինել բարորակ կամ չարորակ:
• Բարորակ ուռուցքներ․ ամենատարածված բարորակ ոսկրային ուռուցքներն են օստեոխոնդրոման (աճառ-ոսկրային ուռուցք) և էնխոնդրոման (աճառային ուռուցք): Դրանք սովորաբար չեն տարածվում և հաճախ հայտնաբերվում են պատահական:
• Չարորակ ուռուցքներ․ ոսկրի չարորակ ուռուցքները բաժանվում են երկու հիմնական խմբի՝ առաջնային (սկիզբ են առնում հենց ոսկրից) և երկրորդային (մետաստազներ են մարմնի այլ օրգանների քաղցկեղից): Առաջնային ոսկրային ուռուցքների օրինակներ են օստեոսարկոման և Յուինգի սարկոման, որոնք առավել հաճախ հանդիպում էն երեխաների և երիտասարդների մոտ:
Ոսկրային ուռուցքների հիմնական նշաններն են տարածված ցավը՝ հատկապես գիշերային ժամերին ավելի ուժեղացող, կոշտ գոյացությունը կամ այտուցը, զսպված շարժումը, տուժած վերջույթի աշխատանքային խնդիրները, որոշ դեպքերում՝ բարձր ջերմությունը, քաշի կորուստը, հոգնածությունը։
Ախտորոշումը սովորաբար սկսվում է ֆիզիկական զննումից և ռենտգեն հետազոտությունից: Լրացուցիչ տեղեկություն ստանալու համար իրականացվում են նաև համակարգչային տոմոգրաֆիա (CT), մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա (MRI) և բիոպսիա:
Բուժումը կախված է ուռուցքի տեսակից, չափից և տարածվածությունից: Այն կարող է ներառել վիրահատություն, քիմիաթերապիա և ճառագայթային թերապիա: Վաղ ախտորոշումն ու բուժումը կարևոր են հաջող արդյունքի համար: