Երիկամաբջջային քաղցկեղը երկար ժամանակ չի արտահայտվում որևէ նշաններով և հաճախ հայտնաբերվում է պատահաբար։ Ավելի շատ հանդիպում է տղամարդկանց շրջանում և ռիսկի կարևոր գործոններից են՝ ծխելը, զարկերակային գերճնշումը, ճարպակալումը, որոշ անալգետիկների(ցավազրկողներ) օգտագործումը, երիկամաքարային հիվանդությունը, ժառանգական գործոնները, Մանգաղաձև բջջային սակավարյունությունը՝ երիկամի մեդուլյար քաղցկեղի դեպքում։
Կան որոշակի ախտանշաններ, որոնց դեպքում անհրաժեշտ է դիմել մասնագետին։ Դրանցից են մեզի մեջ արյան առկայությունը, ցավեր կողային կամ մեջքի շրջանում, որովայնում կամ կողային շրջանում շոշափվող գոյացությունը, անհասկանալի քաշի կորուստը, ընդհանուր թուլությունը, երբեմն դիտվում են պարանեոպլաստիկ նշաններ՝ անեմիա, տենդ, հիպերկալցեմիա, էրիթրոցիտոզ, թրոմբոցիտոզ, կախեքսիա, երկրորդային ամիլոիդոզ։
Ախտորոշումն իրականացում է գործիքային հետազոտությունների (ուլտրաձայնային, համակարգչային տոմոգրաֆիա (CT), մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա (MRI)), արյան և մեզի լաբորատոր քննությունների (երիկամների աշխատանքի գնահատման համար) և բիոպսիայի միջոցով (հյուսվածաբանական հաստատման նպատակով):
Կախված ուռուցքի չափերի և տեսակից բուժման տարբեր մոտեցումներ են կիրառվում, օրինակ՝ վիրաբուժական միջամտություն – մասնակի կամ ամբողջական նեֆրեկտոմիա՝ կախված ուռուցքի չափից և տեղակայումից, ակտիվ հսկողություն – փոքր չափի և դանդաղ աճող ուռուցքների դեպքում, համակարգային բուժում – թիրախային դեղամիջոցներ և իմունաթերապիա՝ առաջադեմ կամ տարածված հիվանդության դեպքում, ադյուվանտ բուժում – վիրահատությունից հետո բարձր ռիսկի խմբի հիվանդների համար
Կանխատեսում
Վաղ փուլերում (I–II) երիկամի քաղցկեղի 5-ամյա ապրելիության ցուցանիշը գերազանցում է 90%-ը, իսկ տարածված փուլերում այն զգալիորեն նվազում է։ Հիվանդության ընթացքի գնահատման համար կիրառվում են միջազգային կանխատեսման մոդելներ՝ օրինակ IMDC։