Կենտրոնական նյարդային համակարգի (ԿՆՀ) ուռուցքները, լեյկեմիայից հետո, ամենատարածված քաղցկեղի տարատեսակներն են երեխաների շրջանում, կազմում են մանկական բոլոր չարորակ ուռուցքների 20%-ը։ Մանկական ԿՆՀ ուռուցքների մեծ մասի պատճառը անհայտ է։ ԿՆՀ-ի ամենատարածված ուռուցքներից է մեդուլոբլաստոման, որը կազմում է մանկական ԿՆՀ բոլոր ուռուցքների մինչև 20%-ը։ Այն ծագում է ուղեղիկից և կարող է տարածվել գլխուղեղ՝ ողնուղեղային հեղուկի միջոցով։ Երբ ուռուցքը ներառում կամ ճնշում է գլխուղեղի որոշակի կենտրոն, դիտվում է վերջինիս ֆունկցիայի խանգարում։ Հազվադեպ կարող է տարածվել ոսկրեր, թոքեր և մարմնի այլ հատվածներ։ Հիվանդությամբ պայմանավորված գանգատները կախված են երեխայի տարիքից և ուռուցքի տեղակայումից։ Մեդուլոբլաստոմայի ժամանակ ամենահաճախ հանդիպող ախտանիշներն են՝ հավասարակշռության կորուստը, անկանոն քայլվածքը, ձեռագրի վատացումը կամ դանդաղ խոսքը, չհամաձայնեցված շարժումները, սրտխառնոցը, փսխումը, առավոտյան գլխացավերը և գլխացավ, որն անցնում է փսխումից հետո, տեսողության վատացումը կամ ակնային այլ խնդիրները, ընդհանուր թուլությունը, դեմքի մի կողմի թուլությունը, ցնցումները:
Մեդուլոբլաստոմայի հայտնաբերման համար օգտագործվող հիմնական մեթոդներն են՝ մանրակրկիտ անամնեզը, նյարդաբանական ստատուսի գնահատումը, գործիքային հետազոտությունները՝ գլխուղեղի և ողնուղեղի մագնիսառեզոնանսային շերտագրությունը, գոտկային պունկցիան։ Ախտորոշումը հաստատելու համար ամենակարևոր հետազոտման մեթոդը գոյացության բիոպսիան է, որից հետո իրականացվում է հիստոլոգիական, իմունոհիստոքիմիական և մոլեկուլային քննություններ։ Բուժման սխեմայի պլանավորման մեջ շատ մեծ նշանակություն ունեն ուռուցքի հյուսվածաբանական և մոլեկուլյար տեսակը, նրա տարածվածության աստիճանը, ինչպես նաև ախտորոշման ժամանակ երեխայի տարիքը։ Սկզբնական մոտեցումը վիրահատությունն է։
Մեդուլոբլաստոման զգայուն է ճառագայթային թերապիայի նկատմամբ, ինչպես նաև՝ բուժման անբաժան մասն է կազմում քիմիաթերապիան, որը կարող է զուգակցվել ցողունային բջիջների փոխպատվաստմամբ՝ բարձր դեղաչափի քիմիաթերապիայի դեպքում։