Գլխի և պարանոցի քաղցկեղների մեծ մասը տափակ բջջային քաղցկեղներ են՝ սկսվող լորձաթաղանթի բջիջներից։ Եթե քաղցկեղը մնում է մաշկի մակերեսային շերտերում, այն կոչվում է քաղցկեղ տեղում (carcinoma in situ)։ Երբ այն խորանում է հյուսվածքների մեջ՝ դառնում է ներաճող քաղցկեղ։
Տարածված տեսակներն են կոկորդի, կոկորդըմպանի, քթի խոռոչի և հարքթային ծոցերի, քիթըմպանային, բերանի խոռոչի, բերանըմպանի և թքագեղձերի քաղցկեղները։
Հիմնական ախտանիշները, որոնց դեպքում անհրաժեշտ է անցնել մասնագետի խորհրդատվություն․
- այտուց կամ ցավ գլխի կամ պարանոցի շրջանում,
- գոյացություն, որը շոշափելիս ցավոտ է կամ անցավ,
- կոկորդի երկարատև ցավ,
- տհաճ հոտ բերանից,
- ձայնի փոփոխություն կամ խռպոտություն,
- քթի փակվածություն կամ արյունահոսություն,
- շնչառության դժվարացում,
- երկտեսություն,
- թմրածություն կամ թուլություն դեմքի շրջանում,
- ցավ ականջի կամ ծնոտի հատվածում,
- արյուն թքի մեջ,
- ատամների շարժունություն կամ անկում առանց ակնհայտ պատճառի,
- ընդհանուր հոգնածություն կամ քաշի կորուստ։
Ախտորոշում
Քաղցկեղի վաղ ախտորոշումը մեծապես բարձրացնում է բուժման արդյունավետությունը։ Գլխի և պարանոցի քաղցկեղի ախտորոշման համար իրականացվում է ֆիզիկական զննում, էնդոսկոպիա (հատուկ խողովակով ներքին զննում), բիոպսիա, ուլտրաձայնային հետազոտություն (ՈւՁՀ), ռենտգեն / կոնտրաստային ռենտգեն, համակարգչային շերտագրություն (CT), մագնիսառեզոնանսային շերտագրություն (MRI), պոզիտրոն էմիսիոնային տոմոգրաֆիա (PET)։ Այս մեթոդներն օգնում են ճշգրիտ գնահատել ուռուցքի տեղակայումը, չափերը և տարածվածությունը։
Բուժում
Բուժման պլանը մշակում է մուլտիդիսցիպլինար թիմը, որը ներառում է ուռուցքաբանի, ռադիոլոգի, վիրաբույժի, դիմածնոտային վիրաբույժի, օտորինոլարինգոլոգի, ստոմատոլոգի, հոգեբանի և այլ մասնագետների համատեղ աշխատանք։
Բուժման հիմնական մեթոդներն են վիրահատական միջամտությունը, ճառագայթային թերապիան, քիմիաթերապիա, թիրախային բուժում կամ իմունաթերապիա (առանձին դեպքերում)։ Վաղ փուլերում հիմնականում իրականացվում է վիրահատություն կամ ճառագայթում։ Ճառագայթային թերապիան և քիմիաթերապիան կարող են օգտագործվել ինչպես վիրահատությունից առաջ, այնպես էլ հետո՝ հիվանդության վերահսկման և ախտանիշների թեթևացման նպատակով։