Ձվարանների չարորակ նորագոյացություններ

Ձվարանների քաղցկեղը գինեկոլոգիական չարորակ ուռուցքներից ամենավտանգավորներից մեկն է, տարածվածությամբ զբաղեցնում է 2-րդ տեղը։ Այն հաճախ անվանում են «silent killer» (լուռ սպանող)։ Ավելի քան 70% հիվանդների մոտ հիվանդությունը հայտնաբերվում է ուշ փուլում, քանի որ վաղ փուլերում որևէ ախտանիշ չի նկատվում։


Ռիսկի գործոններից են՝

  • Տարիքը (ռիսկը զգալիորեն բարձր է 55-65 տարեկան կանանց շրջանում, որոնց մոտ դաշտանադադար է)։
  • Ընտանեկան պատմությունը և գենետիկաт (մոտ հարազատների մոտ (մայր, քույր, դուստր) ձվարանների կամ կրծքագեղձի քաղցկեղ)։
  • Ժառանգական մուտացիաները, հատկապես BRCA1 և BRCA2, ինչպես նաև MMR գեների (Լինչի համախտանիշ), սեռական անամնեզը (ռիսկը բարձրանում է՝ անպտղության, ուշ դաշտանադադարի, սակավաթիվ հղիությունների պարագայում:
  • Իսկ բազմակի հղիությունները, կրծքով կերակրումը և հակաբեղմնավորիչ դեղահաբերի կիրառումը նվազեցնում են ռիսկը): Այլ գործոններ են էնդոմետրիոզը, ճարպակալումը։

Ահազանգող ախտանշաններից կարող են լինել`

  • փքվածությունը,
  • որովայնի մեծացումը կամ ծանրության զգացումը,
  • փորկապությունը,
  • հաճախամիզությունը,
  • անբացատրելի քաշի կորուստը,
  • ընդհանուր թուլությունը,
  • որովայնի կամ փոքր կոնքում ցավը։

Հիմնական հյուսվածաբանական տեսակներն են՝

  • բարձր աստիճանի սերոզ քաղցկեղ(ամենատարածված տեսակն է),
  • ցածր աստիճանի սերոզ քաղցկեղ, էնդոմետրոիդ քաղցկեղ, լուսավորբջջային քաղցկեղ, մուցինոզ քաղցկեղ։ 

Բուժման մոտեցումներ

Բուժումը կախված է փուլից, հյուսվածաբանական ենթատեսակից և մոլեկուլային առանձնահատկություններից։ Հիմնական մեթոդներն են․

  • Վիրահատությունը․ նպատակը հնարավորինս շատ ուռուցքային հյուսվածքի հեռացումն է (ցիտոռեդուկցիա)։ Ամենալավ արդյունքները լինում են, երբ տեսանելի ուռուցք չի մնում։ 
  • Քիմիաթերապիան․ ստանդարտ առաջին գծի բուժումն է։
  • Թիրախային թերապիաներ՝
  1. PARP ինհիբիտորներ)՝ արդյունավետ են BRCA մուտացիաներով և HRD ուռուցքների դեպքում, 
  2. Բևացիզումաբ (anti-VEGF հակամարմին)՝ կարող է ավելացվել բուժման տարբեր փուլերում։

Ձվարանների քաղցկեղը շարունակում է մնալ լուրջ մարտահրավեր՝ ուշ հայտնաբերման և հաճախակի ռեցիդիվների (կրկնության) պատճառով։ Կանանց համար կարևոր է ուշադրություն դարձնել ընտանեկան պատմությանը, հետևել մշտական որովայնային կամ կոնքային ախտանշաններին և անհրաժեշտության դեպքում անցնել գենետիկ հետազոտություն։