Home Նորություններ «Յոլյան» կենտրոնի մասնագետները՝ «Հայկական ուռուցքաբանական 6-րդ կոնգրես»-ին
«Յոլյան» կենտրոնի մասնագետները՝ «Հայկական ուռուցքաբանական 6-րդ կոնգրես»-ին
«Հայկական ուռուցքաբանություն․ համարձակ ծրագրերից դրանց իրագործում» խորագրով կոնգրեսին «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնը ներկայացավ այնպիսի զեկույցներով, որոնք պատմում էին կենտրոնի ձեռքբերումները մասին մանկական ուռուցքաբանության, արյան չարորակ հիվանդությունների և ոսկրածուծի փոխպատվաստման ոլորտում։ Հատկանշական է, որ մեր երկրում այս երեք ուղղություններով ծառայություն մատուցող միակ կառույցը «Յոլյան» կենտրոնն է։
«Յոլյան» կենտրոնի մասնագետների զեկույցների թեմաները՝
- Մերի Պետրոսյան – «Առաջնային իմունային անբավարարություններ և դրանց կապը օնկոլոգիական հիվանդությունների հետ» թեմայով ելույթում անդրադարձավ իմունային համակարգի խանգարումների և ուռուցքաբանական հիվանդությունների փոխկապակցվածությանը։
- Մանե Գիժլարյան – ներկայացրեց տրանսպլանտացիոն ցիկլոֆոսֆամիդի կիրառումը որպես ծախսարդյունավետ ռազմավարություն՝ մանկական հեմատոպոետիկ ցողունային բջիջների փոխպատվաստման հասանելիությունն ընդլայնելու համար ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում։ Զեկույցը կարևորեց ժամանակակից բուժման մեթոդների տեղայնացման անհրաժեշտությունը։
- Ռուզաննա Պապյան – ներկայացրեց մանկական ուռուցքաբանության զարգացման պատմությունը Հայաստանում՝ անդրադառնալով ոլորտի ձևավորման փուլերին, միջազգային համագործակցությանը և հիմնադրամների, այդ թվում՝City of Smile Charitable Foundation / Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամի աջակցությանը։ Նա ներկայացրեց նաև բուժման ցուցանիշներ, որոնք մեր երկրի համար տպավորիչ են և վկայում են ոլորտի շարունակական առաջընթացի մասին։
- Գևորգ Սաղումյան – իր ելույթում խոսեց ինդոլենտ B-բջջային լիմֆոմաների մասին՝ ներկայացնելով տարբերակիչ ախտորոշման մոտեցումները, գործող բուժման ստանդարտները և նորագույն թերապևտիկ հնարավորությունները։
- Կարեն Մելիքսեթյան – անդրադարձավ ոսկրածուծի փոխպատվաստման ծառայության զարգացմանը Հայաստանում՝ ընդգծելով դրա ռազմավարական կարևորությունը ոչ միայն երկրի, այլև տարածաշրջանի համար։ Նա ներկայացրեց առկա հնարավորություններն ու առաջիկա զարգացման ուղղությունները։
- Ներսես Ղահրամանյան – խոսեց ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստման ծառայության ներդրման մասին՝ ներկայացնելով բարդությունները և արձանագրված արդյունքները։ Զեկույցի շրջանակում ներկայացվեց նաև բարդ կլինիկական դեպք, երբ բազմաթիվ անցանկալի բարդություններով պացիենտը, թիմի բարձր պրոֆեսիոնալիզմի և հետևողական վերահսկողության շնորհիվ, ներկայումս գտնվում է կայուն վիճակում։ Նա անդրադարձավ նաև տարածաշրջանային իրավիճակին և պարզաբանեց աուտո և ալոգեն փոխպատվաստումների միջև տարբերությունները։
Կոնգրեսին «Յոլյան» կենտրոնի մասնակցությունը ևս մեկ անգամ հաստատեց, որ Հայաստանում արյունաբանությունը և մանկական ուռուցքաբանությունը զարգանում են համարձակ ծրագրերից դեպի իրական, չափելի արդյունքներ՝ ապահովելով պացիենտների բուժման ժամանակակից և հասանելի հնարավորություններ։