Home Նորություններ Սարկոմայի իրազեկման համաշխարհային ամիս․ ինչու է կարևոր հիվանդությունը հայտնաբերել վաղ փուլում
Սարկոմայի իրազեկման համաշխարհային ամիս․ ինչու է կարևոր հիվանդությունը հայտնաբերել վաղ փուլում
Հուլիսը սարկոմայի իրազեկման համաշխարհային ամիսն է՝ կարևոր առիթ ևս մեկ անգամ խոսելու այս հազվադեպ, սակայն լուրջ չարորակ ուռուցքների խմբի մասին։ Չնայած սարկոմաները կազմում են ուռուցքային հիվանդությունների փոքր մասնաբաժինը, դրանց վաղ ախտորոշումը կարող է էական ազդեցություն ունենալ բուժման արդյունավետության և հիվանդի կյանքի որակի վրա։
Սարկոմայի իրազեկման համաշխարհային ամսվա շրջանակում զրուցել ենք «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Մանկական ուռուցքաբանության և քիմիաթերապիայի կլինիկադիսպանսերային բաժանմունքի վարիչ, բժիշկ-ուռուցքաբան Ռուզաննա Պապյանի հետ՝ պարզելու, թե ինչ է սարկոման, ովքեր են ռիսկի խմբում, ինչ ախտանշանների դեպքում պետք է դիմել բժշկի և ինչ հնարավորություններ կան հիվանդության ախտորոշման ու բուժման համար։
– Ի՞նչ է սարկոման, և ինչո՞վ է այն տարբերվում մյուս չարորակ ուռուցքներից։
– Սարկոման հազվադեպ հանդիպող չարորակ ուռուցք է, որը զարգանում է ոսկրերից կամ փափուկ հյուսվածքներից։ Սարկոմաների որոշ տեսակներ կարող են ունենալ արագ աճ և ագրեսիվ ընթացք, ուստի պահանջում են մասնագիտացված ախտորոշում և բուժում։
– Որո՞նք են սարկոմայի ամենատարածված տեսակները։
– Սարկոմաները հիմնականում բաժանվում են երկու մեծ խմբի՝
- ոսկրային սարկոմաներ՝ օստեոսարկոմա, Յուինգի սարկոմա, խոնդրոսարկոմա,
- փափուկ հյուսվածքների սարկոմաներ՝ ռաբդոմիոսարկոմա, սինովիալ սարկոմա, լիպոսարկոմա, լեյոմիոսարկոմա և այլ տեսակներ։
Սարկոմաների ճշգրիտ դասակարգումը շատ կարևոր է, քանի որ բուժման մոտեցումը կախված է ուռուցքի տեսակից, տեղակայումից և տարածվածությունից։
– Ի՞նչ վաղ ախտանշանների դեպքում պետք է անպայման դիմել բժշկի։
– Բժշկի դիմելու պատճառ կարող են լինել՝
- նոր առաջացած կամ աստիճանաբար մեծացող գոյացությունը,
- վերջույթի կամ ոսկրի երկարատև ցավը, հատկապես գիշերային ժամերին,
- առանց ակնհայտ պատճառի առաջացած այտուցը,
- շարժումների սահմանափակումը կամ կաղությունը,
- նախկինում ոչ ցավոտ գոյացության մեծացումը կամ ցավոտ դառնալը,
- ոսկրի կոտրվածքը նույնիսկ փոքր վնասվածքից հետո։
Ցանկացած նոր առաջացած, մեծացող կամ երկար ժամանակ չանցնող գոյացություն պահանջում է բժշկական գնահատում։
– Ո՞վ է առավել ռիսկի խմբում։ Արդյո՞ք սարկոման կարող է հանդիպել ցանկացած տարիքում։
– Սարկոման կարող է հանդիպել ցանկացած տարիքում։ Որոշ տեսակներ առավել բնորոշ են երեխաներին և դեռահասներին, իսկ մյուսները՝ մեծահասակներին։
Դեպքերի մեծ մասում հստակ պատճառ չի հայտնաբերվում։ Ռիսկը կարող է բարձր լինել որոշ ժառանգական համախտանիշների, նախկինում իրականացված ճառագայթային բուժման կամ որոշ հազվադեպ գենետիկ փոփոխությունների դեպքում։
– Կարո՞ղ է սարկոման երկար ժամանակ ընթանալ առանց արտահայտված ախտանիշների։
– Այո՛։ Հատկապես խորը տեղակայված փափուկ հյուսվածքներում կամ որովայնի և կոնքի շրջանում զարգացած սարկոմաները կարող են երկար ժամանակ չառաջացնել արտահայտված գանգատներ և հայտնաբերվել միայն այն ժամանակ, երբ արդեն բավական մեծ են։
Այդ պատճառով կարևոր է չանտեսել երկարատև ցավը, ինչպես նաև ցանկացած նոր կամ մեծացող գոյացությունը։
– Ի՞նչ հետազոտություններ են անհրաժեշտ սարկոմայի ախտորոշման համար։
– Ախտորոշումը սովորաբար ներառում է՝
- բժշկական զննում,
- ուլտրաձայնային հետազոտություն, ռենտգեն, համակարգչային շերտագրություն (ՀՇ) կամ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ),
- անհրաժեշտության դեպքում՝ ՊԷՏ-ՀՇ,
- ուռուցքի բիոպսիա,
- հյուսվածաբանական և իմունոհիստոքիմիական հետազոտություն,
- որոշ դեպքերում՝ մոլեկուլային-գենետիկական հետազոտություններ։
Սարկոմայի վերջնական ախտորոշումը հնարավոր է հաստատել միայն բիոպսիայի միջոցով։
– Ի՞նչ հնարավորություններ ունի «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնը սարկոմայի ախտորոշման և բուժման ոլորտում։
– «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում սարկոմայով հիվանդների ախտորոշումն ու բուժումն իրականացվում են բազմամասնագիտական թիմի կողմից՝ միջազգային ստանդարտներին համապատասխան։
2019 թվականից կենտրոնը համագործակցում է Գերմանիայի Մյունստերի համալսարանական հիվանդանոցի և «Շարիտե» համալսարանական բժշկական կենտրոնի մասնագետների հետ։ Բոլոր կլինիկական դեպքերը քննարկվում են միջազգային բազմամասնագիտական ձևաչափով, ինչը հնարավորություն է տալիս ախտորոշումն ու բուժման պլանավորումն իրականացնել միջազգային լավագույն փորձին համապատասխան։
Մեր կենտրոնը նաև հանդիսանում է POEM-OS՝ օստեոսարկոմային նվիրված առաջին տարածաշրջանային բազմակենտրոն կլինիկական հետազոտության ղեկավար և համակարգող կենտրոնը, որին ներկայում մասնակցում են 23 կենտրոններ՝ 8 երկրներից։
Հետազոտության շրջանակում գնահատվում են երեխաների, դեռահասների և երիտասարդ մեծահասակների օստեոսարկոմայի բուժման արդյունքները, անվտանգությունը, վիրահատության ժամկետները, բուժմանն արձագանքը, կողմնակի ազդեցությունները և երկարաժամկետ արդյունքները։
POEM-OS-ի ղեկավարումը և միջազգային կենտրոնների համակարգումը նպաստում են բուժման որակի շարունակական բարելավմանը, միջազգային փորձի փոխանակմանը և օստեոսարկոմայով հիվանդների համար ժամանակակից բուժական մոտեցումների ներդրմանը։