Home Նորություններ Քաղցկեղի վերահսկման նոր փուլը Հայաստանում
Քաղցկեղի վերահսկման նոր փուլը Հայաստանում
2026 թվականի հունվարի 22-ին Երևանում կայացավ Armenia Cancer Control Workshop աշխատաժողովը՝ նվիրված ուռուցքաբանական օգնության զարգացմանը և համընդհանուր առողջապահական ապահովագրության արդյունավետ ներդրմանը Հայաստանում։
Միջոցառումը համախմբեց տեղական և միջազգային առաջատար մասնագետների, առողջապահական ոլորտի ներկայացուցիչների, քաղաքացիական հասարակության և գործընկեր կազմակերպությունների՝ քննարկելու քաղցկեղի բուժման ներկա իրավիճակը, առկա ձեռքբերումներն ու զարգացման առաջնահերթ ուղղությունները։
Միջազգային փորձը ներկայացրին St. Jude-ի Մանկական քաղցկեղի հարցերով ԱՀԿ համագործակցող կենտրոնի տնօրեն Քեթրին Լամը և Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի բժշկական պատասխանատու Վիտալի Սմելովը։ Քննարկումներին ակտիվ մասնակցություն ունեցան նաև ՀՀ ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի մասնագետները, ինչպես նաև «Սիթի օֆ սմայլ», Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի և «Հենարան» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները՝ ձևավորելով բազմակողմ համագործակցության արդյունավետ հարթակ։
Աշխատաժողովի ընթացքում անդրադարձ կատարվեց քաղցկեղի ախտորոշման և բուժման հասանելիությանը, բազմամասնագիտական և բուժքույրական թիմերի դերին, պալիատիվ և հոգեբանական խնամքին, ինչպես նաև համընդհանուր առողջապահական ապահովագրության գործնական կիրառմանը ուռուցքաբանության ոլորտում։