Հունվարը արգանդի վզիկի քաղցկեղի իրազեկման ամիսն է․ Բենիկ Մխիթարյան

Հայաստանում ամեն տարի այս հիվանդությունն ախտորոշվում է շուրջ 260–270 կնոջ մոտ և, ցավոք, խլում է ավելի քան 100 կնոջ կյանք։ Հատկանշական է, որ քաղցկեղի այս տեսակը վաղ փուլերում հնարավոր է լիարժեք բուժել, և 5-ամյա ապրելիությունը հասնում է 95 տոկոսի։ Տեղային տարածված դեպքերում այս ցուցանիշը նվազում է մինչև 60–65 տոկոսի, իսկ ուշ դիմելու դեպքում բուժումը հիմնականում միտված է կյանքի որակի բարելավմանն ու տևողության երկարացմանը․ լիարժեք բուժում ապահովելն այլևս անհնար է։

Armenpress-ի «Հարց բժշկին» փոդքաստի շրջանակում ՀՀ ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի բժիշկ-ուռուցքաբան Բենիկ Մխիթարյանը խոսում է արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման հիմնական պատճառների, ախտանշանների, կանխարգելման և բուժման ժամանակակից հնարավորությունների մասին։

Բժիշկը պարզաբանում է, որ հիվանդության հիմնական պատճառը մարդու պապիլոմավիրուսն է (HPV), որը հանդիպում է արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդ կանանց ավելի քան 99 տոկոսի մոտ։ Շատ դեպքերում վարակը երկար ժամանակ ընթանում է առանց որևէ ախտանշանի, ինչն առավել կարևոր է դարձնում սքրինինգային հետազոտությունների դերը։

Փոդքաստում անդրադարձ է կատարվում նաև՝

• ՊԱՊ թեստի և HPV թեստավորման նշանակությանը,

• սքրինինգի ճիշտ ժամանակացույցին՝ տարբեր տարիքային խմբերի համար,

• HPV-ի դեմ պատվաստման արդյունավետությանը։

Մասնագետի գլխավոր ուղերձը պարզ է․ տեղեկացվածությունն ու կանխարգելումը կարող են փրկել կյանքեր։ Նույնիսկ ախտանիշների բացակայության դեպքում անհրաժեշտ է ժամանակին հետազոտվել և հոգ տանել սեփական առողջության մասին։

Թեմայի շուրջ ավելի մանրամասն տեղեկանալու համար առաջարկում ենք լսել փոդքաստը՝ անցնելով հետևյալ հղումով. https://armenpress.am/hy/article/1240507

Հերթագրվել

010283800 Հերթագրվել