Home Նորություններ Հայաստանում մանկական քաղցկեղի առաջնակի դեպքերի թիվը չի աճել
Հայաստանում մանկական քաղցկեղի առաջնակի դեպքերի թիվը չի աճել
Վերջին տարիներին մեր երկրում տարեկան արձանագրվում է մոտ 100-120 առաջնակի դեպք և այդ ընթացքում մանկական քաղցկեղի առաջնակի դեպքերի թիվը չի աճել։ Հատկանշական է, որ մեր երկրում առողջացման ցուցանիշը մոտենում է զարգացած երկրների ցուցանիշներին՝ մինչև 85 % դեպքերում երեխաները լիարժեք ապաքինվում են։
«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնը հանդիսանում է Հայաստանում միակ կառույցը, որը զբաղվում է երեխաների արյան և ուռուցքաբանական հիվանդությունների ախտորոշմամբ և համալիր բուժմամբ։
2019 թվականից ի վեր մանկական ուռուցքաբանական և արյունաբանական ծառայությունների միավորումը ձևավորեց ժամանակակից, բազմամասնագիտական համակարգ, որը համապատասխանում է միջազգային չափանիշներին։
Դրա արդյունքում Հայաստանում մանկական քաղցկեղի վիճակագրությունը դրական փոփոխությունների ենթարկվեց․մանկական քաղցկեղի առաջնակի դեպքերի ախտորոշումն ավելի արդյունավետ կազմակերպվեց, որի արդյունքում դեպքերի մեծ մասը բացահայտվում և բուժվում է ժամանակին։
Մանկական քաղցկեղի միջազգային օրը խոսում ենք ոչ միայն մարտահրավերների, այլ նաև հնարավորությունների մասին։ Այսօր Հայաստանում մանկական քաղցկեղի բուժման ժամանակակակից բոլոր հնարավորությունները հասանելի են։
Այսօր մեր կենտրոնում իրականացվում է՝
- Մանկական ուռուցքային հիվանդությունների ամբողջական ախտորոշում և բուժում,
- Միջազգային (եվրոպական և ամերիկյան) բուժման սխեմաների կիրառում,
- Ոսկրածուծի փոխպատվաստում (աուտո և ալոգեն),
- Հոգեսոցիալական աջակցություն երեխային և ընտանիքին՝ բուժման ողջ ընթացքում,
- Քաղցկեղը վերապրածների երկարաժամկետ հսկողության կլինիկա,
- Քաղցկեղի նախատրամադրվածության կլինիկա,
- Մանկական պալիատիվ խնամք (նաև՝ շարժական)։
Մենք համագործակցում ենք աշխարհի առաջատար կենտրոնների հետ և հանդիսանում ենք St. Jude Children’s Research Hospital-ի գլոբալ ալյանսի անդամ։
Ի շնորհիվ կենտրոնի նվաճումների քաղցկեղով հիվանդ երեխաները կարող են ստանալ ամբողջական բուժում Հայաստանում՝ առանց արտերկիր մեկնելու անհրաժեշտության։ Բուժման համար, պետության և City of smile հիմնադրամի աջակցության շնորհիվ, ընտանիքները ազատված են ֆինանսական բեռից։
Մենք պայքարում ենք ամեն օր՝ յուրաքանչյուր երեխայի կյանքի որակի բարելավման և ապաքինման համար։