Home Նորություններ Գիտական հետազոտությունները՝ բուժօգնության զարգացման և նորարարության հիմքում․ զրույց Աստղիկ Ոսկանյանի հետ
Գիտական հետազոտությունները՝ բուժօգնության զարգացման և նորարարության հիմքում․ զրույց Աստղիկ Ոսկանյանի հետ
«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում գիտական գործունեությունը բուժօգնության որակի բարելավման, ժամանակակից բուժական մոտեցումների ուսումնասիրման և միջազգային գիտական համագործակցության կարևոր ուղղություններից է։
Ի՞նչ գիտական ծրագրեր են իրականացվում կենտրոնում, ի՞նչ նորարարական բուժական մոտեցումներ են ուսումնասիրվում, և ինչպե՞ս է միջազգային համագործակցությունն օգնում զարգացնել հայ մասնագետների գիտական ներուժը։
Այս հարցերի շուրջ զրուցել ենք «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի գիտական գծով փոխտնօրեն Աստղիկ Ոսկանյանի հետ։
— «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում գիտական հետազոտությունները գործունեության առանցքային ուղղություններից են։ Այսօր ի՞նչ գիտական ծրագրեր են իրականացվում կենտրոնում։
Աստղիկ Ոսկանյան․ «Յոլյան» կենտրոնում գիտական գործունեությունն ուղղված է արյունաբանական և ուռուցքաբանական հիվանդությունների ուսումնասիրմանը, դրանց ախտորոշման ու բուժման արդյունավետության բարելավմանը և բժշկական գիտության ժամանակակից ձեռքբերումները կլինիկական պրակտիկայում կիրառելուն։
Ներկայում կենտրոնում իրականացվում են մի շարք գիտական ծրագրեր, որոնք ներառում են ինչպես հիմնարար և կիրառական հետազոտություններ, այնպես էլ կլինիկական ուսումնասիրություններ։
Գիտական կարևոր ուղղություններից է քաղցկեղով պացիենտների իմունային համակարգի ցուցանիշների և իմունաթերապիայի նկատմամբ արձագանքի միջև կապի ուսումնասիրությունը։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ գիտության, կրթության, մշակույթի և սպորտի նախարարության դրամաշնորհային աջակցության շրջանակում։
Մյուս կարևոր ուղղությունը արյան համակարգի բարորակ և չարորակ հիվանդությունների ազգային ռեգիստրների ստեղծումն ու վարումն է։ Կենտրոնում գործում են քրոնիկական լիմֆոլեյկոզի, սուր լեյկոզների, Ֆիլադելֆիա նեգատիվ միելոպրոլիֆերատիվ հիվանդությունների, ոչ հոջկինյան լիմֆոմաների և թալասեմիայի ազգային ռեգիստրները։ Միելոդիսպլաստիկ համախտանիշի ռեգիստրը վարվում է Ֆրանսիայի հետ համագործակցությամբ, իսկ կենտրոնը ներգրավված է նաև հեմոգլոբինոպաթիաների միջազգային INHERENT հետազոտական ցանցում։
Կլինիկական հետազոտություններն ընդգրկում են նաև սուր միելոբլաստային լեյկեմիայի պահպանող բուժման, միելոմայի դեպքում թրոմբոտիկ բարդությունների կանխարգելման, հեմոֆիլիայի բուժման նոր դեղամիջոցների, հակաթրոմբինի բնածին դեֆիցիտի և այլ արյունաբանական հիվանդությունների ուսումնասիրման ուղղությունները։ Իրականացվում են նաև Հայաստանում Helicobacter pylori-ի և ոչ Հոջկինյան լիմֆոմաների միջև հնարավոր կապի ուսումնասիրություններ։
Այս բազմազան ծրագրերը հնարավորություն են տալիս զարգացնել տեղական գիտական ներուժը և ձևավորել հիվանդությունների վերաբերյալ համակարգված տվյալների բազա, որն անհրաժեշտ է բուժման մոտեցումների կատարելագործման համար։
— Գիտական հետազոտությունների շրջանակում ուսումնասիրվում են նաև բուժման նոր դեղամիջոցներ և մոտեցումներ։ Որո՞նք են այն առավել հեռանկարային ուղղությունները, որոնք կարող են ապագայում փոխել արյունաբանական հիվանդությունների բուժման ընթացքը։
Աստղիկ Ոսկանյան․ Կենտրոնում իրականացվող կլինիկական հետազոտությունների կարևոր ուղղություններից է նոր դեղամիջոցների արդյունավետության և անվտանգության գնահատումը։ Մասնավորապես, ուսումնասիրվում են հեմոֆիլիա A և B ունեցող պացիենտների բուժման նոր դեղամիջոցներ, սուր միելոբլաստային լեյկեմիայի դեպքում օրալ ազացիտիդինի կիրառումը՝ որպես պահպանող բուժում, ինչպես նաև միելոմայով հիվանդների շրջանում թրոմբոտիկ բարդությունների կանխարգելման տարբեր մոտեցումներ։
Այս հետազոտությունները կարևոր են բուժման հնարավոր նոր տարբերակների գնահատման, դրանց արդյունավետության և անվտանգության վերաբերյալ գիտական տվյալների կուտակման տեսանկյունից։ Դրանց արդյունքները կարող են նպաստել հետագայում բուժման մոտեցումների կատարելագործմանը՝ հաշվի առնելով յուրաքանչյուր հիվանդության առանձնահատկությունները։
Միաժամանակ կարևոր է նշել, որ հետազոտվող դեղամիջոցների կամ մեթոդների կիրառման հնարավորությունները որոշվում են կլինիկական հետազոտությունների արդյունքների և համապատասխան կարգավորող պահանջների հիման վրա։
— Որքանո՞վ է կենտրոնը համագործակցում միջազգային առաջատար գիտական և բժշկական հաստատությունների հետ։ Ի՞նչ հնարավորություններ է դա ստեղծում հայ մասնագետների համար։
Աստղիկ Ոսկանյան․ Միջազգային համագործակցությունը կենտրոնի գիտական գործունեության կարևոր բաղադրիչներից է։ Մեր մասնագետները ներգրավված են միջազգային հետազոտական ցանցերում և համատեղ ծրագրերում, մասնակցում են գիտաժողովների, ներկայացնում իրենց աշխատանքի արդյունքները և հրապարակում գիտական հոդվածներ։
Համագործակցության օրինակներից է միելոդիսպլաստիկ համախտանիշի ռեգիստրի վարումը Ֆրանսիայի գործընկերների հետ։ Կենտրոնը մասնակցում է նաև հեմոգլոբինոպաթիաների միջազգային INHERENT հետազոտական ցանցին և միելոֆիբրոզով հիվանդների վերաբերյալ Եվրոպական լեյկեմիայի ցանցի՝ ELN-ի, ERNEST 3 դիտողական հետազոտությանը։
Այս համագործակցությունները հայ մասնագետներին հնարավորություն են տալիս ներգրավվելու բազմակենտրոն հետազոտություններում, համադրելու տեղական տվյալները միջազգային փորձի հետ, ծանոթանալու հետազոտության ժամանակակից մեթոդաբանությանը և զարգացնելու մասնագիտական ու գիտական կարողությունները։
Միջազգային գործընկերությունը կարևոր է նաև այն առումով, որ հնարավորություն է տալիս Հայաստանից ստացված տվյալներն ընդգրկելու ավելի լայն գիտական համատեքստում։ Սա նպաստում է ոչ միայն գիտական ներուժի զարգացմանը, այլև արյունաբանական հիվանդությունների ուսումնասիրման և բուժման մոտեցումների շարունակական կատարելագործմանը։
Մեր նպատակն է շարունակաբար զարգացնել գիտական միջավայրը, խթանել մասնագետների ներգրավվածությունը հետազոտություններում և ամրապնդել միջազգային համագործակցությունը՝ գիտական գործունեությունը ծառայեցնելով բուժօգնության որակի բարելավմանը։
— Ի՞նչ դեր ունեն ազգային ռեգիստրները
Աստղիկ Ոսկանյան․ Ազգային ռեգիստրները կարևոր նշանակություն ունեն հատկապես այնպիսի հիվանդությունների ուսումնասիրության համար, որոնց դեպքում անհրաժեշտ են երկարաժամկետ դիտարկումներ, համեմատական վերլուծություններ և բուժման իրական արդյունքների գնահատում։
Կլինիկական փորձարկումները տալիս են բարձրարժեք գիտական ապացույցներ, սակայն իրական կլինիկական պրակտիկայի տվյալները լրացնում են այդ պատկերը՝ ցույց տալով, թե ինչպես են բուժական մոտեցումներն աշխատում տարբեր պայմաններում և պացիենտների տարբեր խմբերում։
Հայաստանում ձևավորված տվյալների բազաները հնարավորություն են տալիս ուսումնասիրելու հիվանդությունների ընթացքը մեր բնակչության շրջանում, գնահատելու բուժման արդյունքները և բացահայտելու այն հարցերը, որոնք կարող են դառնալ հետագա հետազոտությունների հիմք։ Միջազգային համագործակցության շրջանակում նման տվյալների համադրումը կարող է մեծացնել դրանց գիտական արժեքը և նպաստել ավելի ընդգրկուն եզրակացությունների ձևավորմանը։
Սակայն ռեգիստրների արժեքը պայմանավորված է ոչ միայն տվյալների ծավալով, այլև դրանց որակով, ամբողջականությամբ, հետևողական հավաքագրմամբ և վերլուծության մեթոդաբանական ճշգրտությամբ։ Մեր նպատակն է շարունակաբար զարգացնել այս ուղղությունը՝ այն դարձնելով գիտական պլանավորման և ապացույցների ձևավորման հուսալի հիմք։
— Ո՞րն է Ձեր տեսլականը «Յոլյան» կենտրոնի գիտական գործունեության հետագա զարգացման վերաբերյալ։
Աստղիկ Ոսկանյան․ Մեր տեսլականն է ձևավորել այնպիսի գիտական միջավայր, որտեղ կլինիկական փորձը, հետազոտական մտածողությունը և միջազգային համագործակցությունը փոխլրացնում են միմյանց։
Դրա համար անհրաժեշտ է շարունակաբար զարգացնել ազգային ռեգիստրները, ընդլայնել կլինիկական հետազոտություններում ներգրավվածությունը, խթանել երիտասարդ մասնագետների և հետազոտողների մասնակցությունը գիտական աշխատանքներին և ամրապնդել համագործակցությունը միջազգային գործընկերների հետ։
Կարևոր է նաև գիտական գործունեությունը դիտարկել որպես երկարաժամկետ ներդրում։ Հետազոտությունների արդյունքները միշտ չէ, որ անմիջապես վերածվում են բուժական նոր մոտեցումների, սակայն յուրաքանչյուր որակյալ ուսումնասիրություն կարող է լրացնել գիտելիքի բացերը, առաջադրել նոր հարցեր և հիմք ստեղծել հետագա առաջընթացի համար։
Վերջնական նպատակը մեկն է՝ գիտական գործունեությունը պետք է ծառայի պացիենտին։ Մենք ձգտում ենք, որ «Յոլյան» կենտրոնում ձևավորվող գիտական ներուժը նպաստի ոչ միայն մեր հաստատության զարգացմանը, այլև Հայաստանում արյունաբանության և ուռուցքաբանության ոլորտների առաջընթացին՝ ապահովելով գիտականորեն հիմնավորված, ժամանակակից և որակյալ բժշկական օգնության շարունակական զարգացումը։