Յուինգի սարկոման քաղցկեղի տեսակ է, որը հաճախ ախտահարում է ոսկորները։ Դա տեղի է ունենում, երբ ոսկրերում առողջ բջիջները սկսում են անկառավարելի բազմանալ։ Հիմնականում ախտահարվում են ոտքերի, ձեռքերի և կոնքի ոսկորները, որոշ դեպքերում ներգրավվում են փափուկ հյուսվածքները։ Յուինգի սարկոմայի ապրելիության վրա մեծ ազդեցություն ունի հիվանդության տարածվածությունը, ըստ դրա տարբերում են տեղային և մետաստատիկ տարատեսակները։ Տեղային Յուինգի սարկոմայի ժամանակ քաղցկեղը հայտնաբերվում է ոսկրում կամ փափուկ հյուսվածքում, ինչպես նաև կարող է տարածված լինել մոտակա հյուսվածքում` ռեգիոնալ ավշահանգույցները ներառյալ։
Մետաստատիկ Յուինգի սարկոմայի դեպքում քաղցկեղը տարածվում է մարմնի այլ մասերում, առավել հաճախ՝ թոքերում, այլ ոսկրերում և ոսկրածուծում։ Յուինգի սարկոմայի ժամանակ հաճախ դիտվում է ցավ և այտուց ուռուցքի շրջանում, շոշափվող գոյացություն՝ տեղային ջերմության բարձրացումով ոսկորի շրջանում, անհայտ ծագման տենդ, անհայտ ծագման կոտրվածքներ։
Ախտորոշման նպատակով իրականացվում են գործիքային քննություններ (ռենտգեն քննություն, ԿՏ, ՄՌՏ, ՊԷՏ/ԿՏ քննություն), գոյացության բիոպսիա՝ մորֆոլոգիական քննության նպատակով։ Բուժումը ներառում է քիմիաթերապիա, ճառագայթային թերապիա և վիրահատական բուժում։