Վիլմսի ուռուցքը (նաև կոչվում է նեֆրոբլաստոմա) մանկական ամենահաճախ հանդիպող երիկամային չարորակ ուռուցքն է։ Վիլմսի ուռուցքը ձևավորվում է, երբ երիկամի բջիջները սկսում են ոչ նորմալ բազմանալ։ Ծնողները հաճախ նկատում են, երեխայի որովայնի մեծացում չափերով , որը սկզբում անցավ է։
Վիլմսի ուռուցքի ամենահաճախ հանդիպող ախտանշաններն են՝ որովայնի շոշափվող գոյացություն, որովայնի կամ մեջքի ցավ, ախորժակի կորուստ, քաշի նվազում, երբեմն՝ բարձր ջերմություն կամ արյուն մեզի մեջ։ Սակայն, շատ երեխաների մոտ, ցավ կամ այլ գանգատներ սկզբնական փուլում կարող են չլինեն։ Եթե բժիշկը կասկածում է Վիլմսի ուռուցք, նշանակում է հետազոտություններ, որոնք սովորաբար ներառում են՝ ուլտրաձայնային հետազոտություն, համակարգչային շերտագրություն կամ մագնիսառեզոնանսային շերտագրություն, լաբորատոր անալիզներ։ Շատ հազվադեպ դեպքերում է միայն անհրաժեշտ լինում գոյացության բիոպսիա։ Վիլմսի ուռուցքի բուժման ռազմավարությունը տարբեր երկրներում որոշակի տարբերություններ ունի, սակայն երկու հիմնական մոտեցումներն էլ ունեն բարձր արդյունավետություն՝ եվրոպական մոտեցում, ներառում է նախավիրահատական քիմիաթերապիա, այնուհետև վիրահատություն՝ ախտահարված երիկամի հեռացում և ավշային հանգույցների ստուգում, հետվիրահատական բուժում, որը գլխավորապես կախված է հյուսվածաբանական տարատեսակից (հսկողություն, քիմիաթերապիա, ճառագայթային թերապիա)։ Այս մոտեցմամբ բուժման հաջողությունը հասնում է մինչև 90%-ի։ Ամերիկյան մոտեցմամբ՝ առաջին քայլը վիրահատությունն է, այնուհետեւ հետվիրահատական քիմիաթերապիա՝ ընտրվում է ըստ ուռուցքի հյուսվածաբանական տեսակի և տարածման աստիճանի, որոշ դեպքերում ավելացվում է նաև ճառագայթային թերապիա։ Այս տարբերակը հաճախ կիրառվում է ԱՄՆ-ում և Կանադայում, և նույնպես ապահովում է բարձր բուժման արդյունքներ՝ համադրելի եվրոպական մոտեցմանը։
Վիճակագրություն․ Այն հիմնականում հանդիպում է մինչև 5 տարեկան երեխաների մոտ, իսկ դեռահասների մոտ շատ հազվադեպ է հանդիպում։
Ժառանգականություն․ Պատճառները հստակ հայտնի չեն, բայց որոշ դեպքերում այն կապված է գենետիկ փոփոխությունների կամ բնածին սինդրոմների հետ։