Ստամոքսի չարորակ նորագոյացություններ

Ստամոքսի քաղցկեղը չարորակ նորագոյացությունների շարքում հանդիպման հաճախականությամբ զբաղեցնում է 5-րդ տեղը։ Այն զարգանում է, երբ ստամքսի առողջ բջիջները կորցնում են իրենց բնորոշ ֆունկցիաները և սկսում են անկանոն բաժանվել՝ առաջացնելով քաղցկեղ։ Առկա են մի շարք ռիսկի գործոններ, որոնցից առավել ուշադրության արժանի են H. Pylori վարակը և ընտանեկան պատմությունը։ 

Ստամոքսի քաղցկեղն ավելի հաճախ հանդիպում է տղամարդկանց շրջանում։ Կլինիկական նշաններն են՝ այրոցը, որովայնի շրջանում ցավը կամ անհանգստացնող զգացողությունը, սրտխառնոցը և վաղը հագեցվածության զգացումը, դիսֆագիան (կուլ տալու դժվարություն կամ ցավոտություն), թուլությունը և հոգնածությունը, գաստրոինտեստինալ արյունահոսությունը, քաշի կորուստը։

Տարբերվում է ստամոքսի քաղցկեցի 2 հիմնական հյուսվածաբանական տեսակ՝ ինտեստինալ և դիֆուզ։ Ինտեստինալ տիպը ավելի հաճախ հանդիպում տղամարդկանց և տարեց անձանց շրջանում, իսկ դիֆուզ տիպը՝ երիտասարդների (տղամարդկանց և կանանց շրջանում՝ հավասարաչափ)։ Դիֆուզ կամ ինֆիլտրատիվ տեսակն ունի ավելի վատ պրոգնոզ քան ինտեստինալը։ Այս տեսակի քաղցկեղի ամենահաճախ հանդիպող ձևը ադենոկարցինոման է, որն առաջանում է գեղձային հյուսվածքներից։ Ստամոքսի քաղցկեղը հաճախ վաղ փուլերում չի տալիս հստակ ախտանիշներ, ինչի պատճառով հաճախ հայտնաբերվում է ուշ փուլում։ Տարբերում են սպորադիկ (կազմում է գերակշիռ մասը) և ժառանգական դեպքեր։ 

Ախտորոշման հիմնական մեթոդներն են վերին մարսողական տրակտի էնդոսկոպիան, էնդոսկոպիկ ՈՒՁՀ-ն, բիոպսիան, համակարգչային շերտագրությունը, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության կարող են իրականացվել այլ հետազոտություններ։

Բուժման հիմնական մոտեցումներն են վիրահատությունը, քիմիաթերապիան, ճառագայթային թերապիան, իմունաթերապիան և թիրախային թերապիան։ Վաղ փուլում հայտնաբերման դեպքում հնարավոր է ամբողջական բուժում։ Երբ քաղցկեղը  չի ենթարկվում լիարժեք բուժման, կիրառվում են մեթոդներ ախտանիշները թեթևացնելու և կյանքի որակը լավացնելու նպատակով։