Փափուկ հյուսվածքների չարորակ նորագոյացություններ

Փափուկ հյուսվածքների ուռուցքները հազվադեպ են հանդիպում և կազմում են չարորակ ուռուցքների 1%-ը։ Այս ուռուցքները ձևավորվում են մարմնի փափուկ հյուսվածքներում, որոնք ներառում են մկանները, ճարպը, ջլերը, նյարդերը և արյունատար անոթները: Փափուկ հյուսվածքի ուռուցքները հաճախ աճում են համեմատաբար աննկատ, մինչև որ սկսում են առաջացնել կլինիկական նշաններ` կախված իրենց տեղակայումից: Կարող են լինել բարորակ կամ չարորակ (քաղցկեղային): 

Բարորակ ուռուցքներ․ առավել տարածված են լիպոմաները (ճարպային հյուսվածքի ուռուցք) և ֆիբրոմաները (շարակցական հյուսվածքի ուռուցք): Դրանք սովորաբար դանդաղ են աճում և չեն տարածվում մարմնի այլ մասեր:

Չարորակ ուռուցքներ (Սարկոմաներ)․ սրանք հազվադեպ հանդիպող, բայց ագրեսիվ ուռուցքներ են: Կարող են արագ աճել և մետաստազներ տալ (տարածվել) մարմնի այլ հատվածներ, հիմնականում՝ թոքեր: Հատկապես նախնական շրջանում այն առանց ցավ է աճում։ 

Բուժման հիմնական մեթոդը վիրահատական հեռացում է։ Երբեմն օգտագործվում է քիմիաթերապիա կամ ճառագայթային թերապիա, հատկապես՝ չարորակ ձևերի դեպքում կամ եթե մետաստազներ կան։ Բուժման արդյունքը կախված է՝ ուռուցքի տեսակից, փուլից (քանի հյուսվածք է ներգրավված) և հեռացման ամբողջականությունից։