Ոսկրածուծի դիսֆունկցիայով պայմանավորված հիվանդություններ

1․ Ապլաստիկ անեմիա

Ապլաստիկ անեմիան հազվագյուտ, լուրջ արյունաստեղծ խանգարում է, որի դեպքում ոսկրածուծը դադարում է բավարար քանակությամբ արյան բջիջներ (էրիթրոցիտներ, լեյկոցիտներ, թրոմբոցիտներ) արտադրել։ Արդյունքում զարգանում են սակավարյունություն, իմունային թուլություն և արյունահոսության բարձր ռիսկ։

Ախտանշաններն են քրոնիկ հոգնածությունը, գլխապտույտը, վարակների հաճախականությունը, արյունահոսությունները, կապտուկները, սրտի զարկերի հաճախացումը, շնչառական դժվարությունը։ 

Ախտորոշման համար իրականացվում է՝

  • Արյան ընդհանուր քննություն՝ պանցիտոպենիա (երեք տեսակի բջիջների նվազում),
  • Ոսկրածուծի բիոպսիա,
  • Վարակային և գենետիկ թեստավորում՝ պատճառի պարզաբանման համար։ 

2․ Բարորակ լեյկոցիտար խանգարումներ
Բարորակ լեյկոցիտար խանգարումները սպիտակ արյան բջիջների (լեյկոցիտների) քանակի կամ որակի ոչ չարորակ փոփոխություններ են, որոնք կարող են պայմանավորված լինել իմունային, դեղորայքային կամ ժառանգական գործոններով։ Այս խանգարումները հաճախ առանց ախտանշանների են ընթանում, սակայն որոշ դեպքերում կարող են ուղեկցվել վարակի նկատմամբ զգայունությամբ ։

Տեսակները՝ 

  • Իմունային նեյտրոպենիա – օրգանիզմը հակամարմիններ է արտադրում նեյտրոֆիլների դեմ՝ իջեցնելով դրանց քանակը։
  • Իդիոպաթիկ նեյտրոպենիա – անհայտ պատճառով կայուն կամ փոփոխական նեյտրոպենիա։
  • Ժառանգական նեյտրոպենիա և ֆունկցիոնալ խանգարումներ – բջիջները բավարար քանակով են, բայց չեն գործում նորմալ 
  • Լեյկոցիտոզ բարորակ պատճառներով – սպիտակ բջիջների քանակի բարձրացում՝ առանց չարորակ հեմատոլոգիական հիվանդության։