Նեյրոբլաստոման մանկական քաղցկեղի տեսակ է, որը զարգանում է չհասունացած նյարդային բջիջներից՝ նեյրոբլաստներից։ Այն առավել հաճախ զարգանում է երիկամների վերևում գտնվող մակերիկամներից, սակայն կարող է ձևավորվել նաև կրծքավանդակում, որովայնում, պարանոցում կամ ողնաշարի երկայնքով։
Զգոնության Կլինիկական նշանները տարբեր են՝ կախված ուռուցքի տեղակայությունից, սակայն կարող են ներառել ուռուցքային գոյացություն որովայնում, կրծքավանդակում կամ պարանոցում, ոսկրերի կամ հոդերի ցավ, անհասկանալի ջերմություն կամ քաշի կորուստ, գունատություն, թուլություն, աչքերի փոփոխություններ (կոպերի թուլացում, մուգ շրջանակներ կամ ուռածություն կոպերի շուրջը)։ Նեյրոբլաստոմայի ախտորոշման համար իրականացվում են՝ արյան և մեզի հետազոտություն (ուռուցքային մարկերներ հայտնաբերելու համար), գործիքային հետազոտություններ (ուլտրաձայնային քննություն, համակարգչային տոմոգրաֆիան /ԿՏ/, , մանգնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան /ՄՌՏ/ կամ ՊԷՏ/ՀՇ, MIBG հետազոտություններ), գոյացության բիոպսիա՝ ուռուցքի տեսակն ու բնույթը հաստատելու համար և ոսկրածուծի հետազոտություն: Բուժման տակտիկան կախված է հիվանդության ռիսկի խմբից (ցածր, միջին, բարձր) և կարող է ներառել՝ վիրահատություն, քիմիաթերապիա, ճառագայթային բուժում, իմունոթերապիա, թիրախային բուժումներ և ցողունային բջիջների փոխպատվաստում։
Վիճակագրություն․ Նեյրոբլաստոման հիմնականում հանդիպում է 5 տարեկանից փոքր երեխաների մոտ և երեխաների շրջանում գլխուղեղից դուրս ամենատարածված սոլիդ ուռուցքն է։
Ժառանգականություն․ Նեյրոբլաստոմայի առաջացման ճշգրիտ պատճառը հայտնի չէ։ Այն ոչ մի կերպ կապված չէ ծնողների գործողությունների կամ ապրելակերպի հետ։ Հազվադեպ դեպքերում կարող է լինել ժառանգական նախատրամադրվածություն, բայց մեծամասնության մոտ ընտանեկան պատմություն չի դիտվում։