Մաշկի քաղցկեղը մաշկի բջիջների չարորակ աճն է, որը կարող է զարգանալ մաշկի ցանկացած հատվածում, առավել հաճախ՝ արևի ազդեցությանը ենթարկվող հատվածներում։ Այն կազմում է չարորակ նորագոյացությունների մոտ 10%-ը և վերջին տարիներին գրանցում է աճի միտում:
Մաշկի քաղցկեղի հիմնական տեսակներն են՝
Բազալ բջջային քաղցկեղ․ ամենատարածված, բայց համեմատաբար բարենպաստ ընթացքով տեսակ, սովորաբար չի առաջացնում մետաստազներ։ Մաշկի քաղցկեղի ընդհանուր կառուցվածքում այն 60-75% է զբաղեցնում։
Տափակ բջջային քաղցկեղ – ավելի ագրեսիվ է, զարգանում է էպիթելի տափակ բջիջներից։ Վաղ հայտնաբերման դեպքում այն բուժելի է։
Մելանոմա – Մելանոման առաջանում է մելանոցիտներից (մաշկի պիգմենտային բջիջներ)։ Այն մաշկի քաղցկեղի ամենաագրեսիվ տեսակն է, սակայն շատ ավելի հազվադեպ է հանդիպում։ Տարածվում է արագ՝ առաջացնելով մետաստազներ, և հանդիսանում է մաշկի քաղցկեղից մահացության հիմնական պատճառ: Մելանոման կարող է առաջանալ առողջ մաշկի վրա կամ առկա պիգմենտային խալի ձևափոխումից հետո:
Ադենոկարցինոմա – ադենոկարցինոման գեղձային ծագում ունեցող չարորակ ուռուցք է, զարգանում է քրտնագեղձերից կամ ճարպագեղձերից։ Հազվադեպ հանդիպող տեսակ է, որը կարող է առաջանալ բազմաթիվ օրգաններում։ Վաղ հայտնաբերման դեպքում ունի բուժման բարձր արդյունավետություն։
Մաշկի քաղցկեղի առաջացման ռիսկի գործոններից են ուլտրամանուշակագույն ճառագայթման երկարատև ազդեցությունը, ժառանգական նախատրամադրվածությունը, քիմիական նյութերի ազդեցությունը, տարիքը, բաց գույնի մաշկը, ճնշված իմունիտետը, որոշ վարակները և մաշկային հիվանդությունները։
Բուժման նպատակով իրականացվում է՝
- վաղ փուլում՝ վիրահատական հեռացում,
մելանոմայի դեպքում՝ կարող է պահանջվել նաև՝
- քիմիաթերապիա,
- իմունաթերապիա,
- թիրախային թերապիա։