Երկաթ-պակասորդային սակավարյունություն

Հեմոգլոբինը կարմիր բջիջներում պարունակվող նյութ է, որն ամբողջ օրգանիզմին թթվածին է մատակարարում։ Երբ երկաթի պաշարները անբավարար են, հեմոգլոբինի արտադրությունը նվազում է և օրգանիզմը բավարար թթվածին չի ստանում։

Երեխաների շրջանում սակավարյունութան պատճառ կարող են լինել չափից շատ կովի կաթի օգտագործումը, երկաթով հարուստ սննդի անբավարար օգտագործումը, նախածննդյան սակավ պաշարները (վաղաժամ ծնված երեխաներ կամ հղիության ընթացքում մոր մոտ սակավարյունությունը և այլն), արյունահոսությունը (օրինակ՝ աղջիկների մոտ առատ դաշտան, ստամոքս-աղիքային խնդիրներ), թերներծծման հիվանդությունները, արագ աճի շրջանը (նախադպրոցական և պատանեկան տարիքում երկաթի պահանջարքի մեծացում)։  

Սակավարյունության դեպքում երեխայի մոտ կարող են նկատվել ընդհանուր թուլություն, հոգնածություն, գունատություն, գլխապտույտ, աշխատունակության իջեցում, մազաթափություն, եղունգների փխրունություն։

Սակավարյունության այս տեսակը հայտնաբերվում է մանրակրկիտ անամնեստիկ տվյալների, արյան ընդհաանուր քննության և երկաթի պաշարների մակարդակի որոշմամբ։
Հիվանդության զարգացումը կանխելու համար սննդակարգում կարևոր է երկաթով հարուստ մթերքների (կարմիր միս, լոբազգիներ, սպանախ, խնձոր և այլն)  օգտագործումը։ Պետք է սահմանափակել չափից շատ կովի կաթի օգտագործումը։
Եթե արդեն զարգացել է սակավարյունություն, ապա բժշկի կողմից նշանակվում է երկաթաբուժում այնքան ժամանակ, մինչև վերականգնվի ոչ միայն հեմոգլոբինի մակարդակը, այլև օրգանիզմում երկաթի պաշարները։