Home Նորություններ Պատմական շրջադարձ․ Հայաստանի առաջնորդությամբ ընդունվեց գլոբալ ռեզոլյուցիա հեմոֆիլիայի ոլորտում
Պատմական շրջադարձ․ Հայաստանի առաջնորդությամբ ընդունվեց գլոբալ ռեզոլյուցիա հեմոֆիլիայի ոլորտում
Հայաստանի նախաձեռնությամբ և ակտիվ առաջնորդությամբ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ World Health Organization 79-րդ Համաշխարհային առողջապահական ասամբլեայի
շրջանակում «Հեմոֆիլիայով և այլ արյունահոսական խանգարումներով անձանց առողջապահական հավասարության առաջխաղացման գլոբալ գործողությունների» վերաբերյալ ռեզոլյուցիայի ընդունումը կարելի է գնահատել
որպես պատմական և ռազմավարական նշանակության առողջապահական ու մարդասիրական ձեռքբերում։ Հայաստանը հանդես եկավ ոչ միայն որպես նախաձեռնող պետություն, այլև որպես այս գլոբալ օրակարգի հիմնական
հեղինակներից և առաջին համահեղինակող երկրներից մեկը՝ բարձրաձայնելով մի խնդիր, որը երկար տարիներ մնացել էր միջազգային առողջապահական քաղաքականության լուսանցքում։


Ռեզոլյուցիայի կարևորագույն առանձնահատկություններից մեկն այն է, որ այն վերաբերում է ոչ միայն դասական հեմոֆիլիային, այլև բոլոր այն քրոնիկ և հաճախ թերախտորոշվող արյունահոսական վիճակներին, որոնք էականորեն ազդում են մարդկանց կյանքի որակի, վերարտադրողական առողջության, սոցիալական ակտիվության և հոգեբանական բարեկեցության վրա։ Հատկապես
կարևոր է, որ փաստաթուղթն ուշադրություն է հրավիրում կանանց և աղջիկների շրջանում առկա արյունահոսական խանգարումների խնդրին, որոնք երկար տարիներ մնացել են անտեսված, թերագնահատված և երբեմ նույնիսկ
հասարակական «ամոթի թեմա»։ Աշխարհի բազմաթիվ երկրներում առատ և երկարատև դաշտանային արյունահոսությունները, անբացատրելի սակավարյունությունները, ծննդաբերական և հետվիրահատական արյունահոսությունները հաճախ չեն դիտարկվում որպես հնարավոր հեմոստազի խանգարումների դրսևորումներ։
Շատ կանայք և աղջիկներ տարիներ շարունակ ապրում են քրոնիկ արյունահոսությամբ, ցավով, երկաթի քրոնիկ դեֆիցիտով, հոգնածությամբ և կյանքի որակի էական անկմամբ՝ առանց պատշաճ ախտորոշման և բուժման։
Հաճախ այդ գանգատները ներկայացվում են որպես «սովորական կանացի խնդիրներ», ինչի հետևանքով հիվանդները ուշ են դիմում մասնագետի կամ ընդհանրապես դուրս են մնում առողջապահական համակարգի ուշադրությունից։
Այս համատեքստում ընդունված ռեզոլյուցիան ունի ոչ միայն բժշկական, այլև խորը սոցիալական և մարդու իրավունքների նշանակություն։ Այն փաստացի ամրագրում է, որ արյունահոսական խանգարումների վաղ հայտնաբերումը, կանանց առողջության պաշտպանությունը և հավասար հասանելիությունը
ժամանակակից ախտորոշման ու բուժման նկատմամբ հանդիսանում են առողջապահական հավասարության հիմնարար բաղադրիչներ։ Հայաստանի համար այս նախաձեռնությունը հատկապես կարևոր է, քանի որ երկիրը միջազգային հարթակում բարձրաձայնեց մ խնդիր, որի շուրջ երկար տարիներ գոյություն ուներ լռություն և սահմանափակ իրազեկվածություն։ Սա վկայում է, որ Հայաստանը պատրաստ է ոչ միայն հետևել գլոբալ առողջապահական օրակարգին, այլև ձևավորել այն՝ կենտրոնացնելով ուշադրությունը առավել խոցելի և հաճախ անտեսված պացիենտների խմբերի վրա։
Yeolyan Hematology and Oncology Center-ի և հայկական մասնագիտական համայնքի համար սա կարող է դառնալ նոր զարգացման փուլ։ Կենտրոնը հնարավորություն ունի ձևավորվելո որպես տարածաշրջանային առաջատար
հարթակ՝ կանանց արյունահոսական խանգարումների, հազվադեպ կոագուլոպաթիաների և համապարփակ հեմոստազի խնամքի ոլորտում։ Միևնույն ժամանակ, հայկական մասնագետների փորձն ու գիտական ներուժը կարող են դառնալ միջազգային համագործակցությունների, կրթական ծրագրերի, հետազոտական նախաձեռնությունների և տարածաշրջանային առաջնորդության հիմք։ Այս ռեզոլյուցիան կարևոր ուղերձ է ամբողջ աշխարհին՝ արյունահոսական
խանգարումները «հազվադեպ» կամ «լուռ» խնդիրներ չեն։ Դրանք հանրային առողջապահության, կանանց առողջության, սոցիալական արդարության և մարդկային արժանապատվության հարցեր են, որոնց նկատմամբ
անտարբերությունը այլևս չի կարող ընդունելի համարվել։ Հայկական փորձը կարող է ներկայացվել որպես արդյունավետ մոդել այն երկրների համար, որոնք դեռևս պայքարում են ախտորոշման սահմանափակ հնարավորությունների, բուժման անհավասար հասանելիության և մասնագիտական ռեսուրսների պակասի դեմ։ Սա ոչ միայն մասնագիտական
ճանաչում է, այլև պատասխանատվություն՝ շարունակելո գիտական, կրթական և քաղաքական առաջնորդությունը միջազգային հարթակներում։
Այսպիսով, ընդունված ռեզոլյուցիան կարելի է դիտարկել որպես նոր դարաշրջանի սկիզբ հեմոֆիլիայի և արյունահոսական խանգարումների գլոբալ կառավարման պատմության մեջ, որտեղ Հայաստանն արդեն ունի ոչ թե
հետևողի, այլ ձևավորողի և առաջնորդողի դեր։ Ռեզոլյուցիայի ընդունումից հետո ակնկալվում է, որ կենտրոնի դերակատարությունը կուժեղանա ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ տարածաշրջանում՝ կրթական, գիտական, կլինիկական և քաղաքական ուղղություններով։
Այս նոր փուլը կարող է հնարավորություն ստեղծել՝
- տարածաշրջանային վերապատրաստումների և fellowship ծրագրերի
կազմակերպման, - միջազգային հետազոտական ցանցերում ներգրավման,
- նոր կլինիկական ուսումնասիրությունների իրականացման,
- ժամանակակից ախտորոշիչ տեխնոլոգիաների ներդրման,
- համաշխարհային փորձագիտական կառույցների հետ համագործակցության
խորացման համար։
Հայաստանի համար այս գործընթացը բացում է բացառիկ ռազմավարական հնարավորություններ։ Ռեզոլյուցիայի ընդունումը միջազգային մակարդակում ամրագրում է, որ հեմոֆիլիան և այլ բնածին արյունահոսական խանգարումները հանդիսանում են հանրային առողջապահական առաջնահերթություն, ինչը հետագայում կարող է նպաստել ազգային ծրագրերի ընդլայնմանը, պետական ֆինանսավորման աճին, նորարարական թերապիաների հասանելիության բարելավմանը, լաբորատոր ախտորոշման կարողությունների զարգացմանը և միջազգային դրամաշնորհային ո կրթական ծրագրերի ներգրավմանը։ Միաժամանակ այն ուժեղացնում է Հայաստանի դիրքը համաշխարհային առողջապահական դիվանագիտության համակարգում՝ որպես երկիր, որն ունակ
է ձևավորել միջազգային օրակարգ և առաջնորդել բարդ առողջապահական նախաձեռնություններ: