Home Նորություններ «Ես շատ ուրախ եմ Հայաստանի երեխաների համար. նրանք «Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոն»-ի թիմի կողմից հիանալի խնամք են ստանում. Պաուլ-Գերհարդ Շլեգել
«Ես շատ ուրախ եմ Հայաստանի երեխաների համար. նրանք «Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոն»-ի թիմի կողմից հիանալի խնամք են ստանում. Պաուլ-Գերհարդ Շլեգել
Ինչպես ստեղծվեց ոսկրածուծի փոխպատվաստման ծրագիրը Հայաստանում. հարցազրույց Պաուլ-Գերհարդ Շլեգելի հետ
Մեր զրուցակիցն է գերմանացի մանկական արյունաբան-ուռուցքաբան, պրոֆեսոր Պաուլ-Գերհարդ Շլեգելը՝ մանկական ոսկրածուծի փոխպատվաստման (HSCT) և բջջային թերապիայի ոլորտում միջազգային ճանաչում ունեցող մասնագետ։ Երկար տարիներ նա ղեկավարել է Գերմանիայի Վյուրցբուրգի համալսարանական մանկական կլինիկայի մանկական արյունաբանության, ուռուցքաբանության, ցողունային բջիջների փոխպատվաստման և բջջային թերապիայի բաժանմունքը։ Նրա ղեկավարությամբ ստեղծվել է ժամանակակից փոխպատվաստման կենտրոն, ներդրվել են ալոգեն փոխպատվաստման նոր մեթոդներ, իսկ հետագայում՝ նաև CAR-T բջջային թերապիան։
Պրոֆեսոր Շլեգելի հետ զրուցել ենք Հայաստանում մանկական ուռուցքաբանության զարգացման, նորարարական բուժումների և հայ մասնագետներին մասնագիտական որակների մասին։
— Ինչպե՞ս սկսվեց Ձեր համագործակցությունը Հայաստանի և «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի հետ։
Պատմությունը վաղուց է սկսվել։ Մոտ տասնհինգ տարի մենք Վյուրցբուրգում, պարբերաբար բուժել ենք Հայաստանից եկած երեխաների՝ առանց որևէ անմիջական կապի Երևանի հետ։ Այնուհետև, 2021 թվականին, մի քանի երեխաներ կրկին եկան մեզ մոտ՝ Վյուրցբուրգ, և ես զգացի, որ պետք է կապ հաստատել մեր գործընկերների հետ այստեղ՝ Հայաստանում, ինչը մեզ հաջողվեց։ Դոկտոր Մեդեայի դերն այդ ժամանակ անչափ կարևոր էր, քանի որ նա նախաձեռնեց կապը։ 2021 թվականին մենք սկսեցինք կանոնավոր Zoom հանդիպումներ անցկացնել ուռուցքաբանական խորհրդի հետ։ Մեր գործընկերները պատրաստեցին բարդ կլինիկական սցենարներ, մենք քննարկեցինք դրանք և միասին մտածեցինք, թե ինչպես լավագույնս օգնել երեխաներին։



— Հիշո՞ւմ եք Ձեր առաջին հանդիպումը հայ բժիշկների թիմի հետ։ Ի՞նչ տպավորություն ստացաք։
Ես շատ տպավորված էի մեր գործընկերների պրոֆեսիոնալիզմով։ Պետք է ասեմ, որ նաև զարմացած էի, թե նրանցից քանիսն արդեն վերապատրաստվել էին արտերկրում և, ամենակարևորը, վերադարձել էին Երևան՝ նոր բան կառուցելու համար։
Ոչ միայն Գերմանիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ճապոնիայում, Կորեայում, Չինաստանում, ամենուրեք, նրանք սովորում էին, վերապատրաստվում և վերադառնում։ Եվ հետո ես տեսա վեցից ութ երիտասարդներից բաղկացած միջուկ՝ մոտիվացված, շատ խելացի, անգլերենում կոչվում է «dedicated»՝ նվիրված։ Նվիրված նշանակում է, որ ես այս աշխատանքում ներդնում եմ ոչ միայն իմ պրոֆեսիոնալիզմը, այլև իմ ամբողջ էությունը, իմ սիրտը, և նաև լավ թիմային աշխատանք, թիմի ներսում լավ հաղորդակցություն։ Եվ դա այնքան տպավորեց ինձ, որ ես ասացի՝ ուզում եմ գալ Երևան։ Առաջին անգամ ես այստեղ էի 2021 թվականի մայիսին, հետո այցերը շարունակվեցին ամեն տարի։ Անցյալ տարի մենք փոխադարձ այց կազմակերպեցինք, սիմպոզիում ունեցանք Վյուրցբուրգում և հրավիրեցինք մեր հայ գործընկերոջը։ Այս տարի կրկին վերադարձել եմ և կցանկանայի շարունակել այս ավանդույթը։ Ինձ և կնոջս շատ է դուր գալիս այստեղ՝ Երևանում։
— Ինչո՞ւ որոշեցիք ներգրավվել հենց Հայաստանի ծրագրերում։
Մենք իսկապես գնահատում ենք այստեղի ոգին. Դա միասնության ոգի է։ Մենք ուզում ենք միասին ինչ-որ բան մշակել երեխաների, երկրի ապագայի համար։ Եվ, ի վերջո, մենք բոլորս ողջ կյանքի ընթացքում սովորողներ ենք։ Ես նույնպես միշտ ինչ-որ նոր բան եմ սովորում, ամեն անգամ, նոր վայր գնալուց, ինչ-որ նոր բան եմ իմանում։ Եվ մենք ուզում ենք միասին աշխատել՝ շատ դժվար հիվանդություն ունեցող երեխաների ապագայի համար ինչ-որ բան ստեղծելու համար։ Ես դա զգում եմ այստեղ, և այն հիանալի է։
— Որո՞նք էին հիմնական մարտահրավերները ոսկրածուծի փոխպատվաստման ծրագիր ստեղծելու ճանապարհին Հայաստանում։
Կենտրոնում միշտ էլ գերազանց ուռուցքաբանական աշխատանք է կատարվել։ Բայց երբ խոսքը փոխպատվաստման մասին էր, երեխաներն ուղարկվում էին այլ տեղ բուժվելու։ Հետո որոշվեց այստեղ բուժել երեխաներին, ինչի համար անհրաժեշտ էր լավ նախապատրաստություն, երեխաների լավ ընտրություն, լավ թիմ։ Թիմն հավաքվեց, ենթակառուցվածքները կային, նախապատրաստությունն ու տեխնոլոգիաները նույնպես կային։ Եվ հետո մենք մասնագետներից մեկին բերեցինք Վյուրցբուրգ՝ կրկին քննարկելու ամեն ինչ, փոխպատվաստման բոլոր փուլերը։ Նա եկավ մեզ մոտ, ուսումնասիրեց Վյուրցբուրգում առկա հնարավորթյունները։ Եվ հետո արեցինք իսկապես յուրահատուկ մի բան։ Միասին քննարկեցինք առաջին հիվանդի դեպքը հաշվի առնելով՝ ինչ հիվանդություն է, որ փուլում է, ինչ նախապատրաստություն է անհրաժեշտ, ինչպիսի թերապիա է պետք, որ դոնորը, ինչ հնարավոր բարդություններ կարող են լինել։ Նախապատրաստելուց հետո թիմը սկսեց աշխատել։ Հիմա ամեն ինչ շատ լավ է ընթանում։
Մենք ժամանակ առ ժամանակ կապի մեջ ենք կոնկրետ հարցերի շուրջ։ Ես պարզապես շատ ուրախ եմ այս երկրի երեխաների համար, որ նրանք այս թիմի կողմից այդքան հիանալի խնամք են ստանում։ Ես շնորհակալ եմ դրա համար։
— Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ մակարդակի մասնագիտական պատրաստվածություն ունեն հայ հեմատոլոգներն ու օնկոլոգները։
Նրանք շատ փորձառու են, կլինիկորեն փորձառու։ Նրանք գիտեն ԱՄՆ-ի, Եվրոպայի վերջին արձանագրությունները։ Նրանք որոշում են՝ որ արձանագրությունն է լավագույնը երեխայի համար յուրաքանչյուր իրավիճակում։ Նրանք միշտ մասնակցում են կոնֆերանսների, կարդում են նոր գրականություն, և նրանք երիտասարդ են, դինամիկ և հետաքրքրված։ Եվ դա հիանալի է։ Ես մանկաբույժ եմ 1988 թվականից, շատ երկար ժամանակ։ Եվ ես սովորել եմ, որ կան մի քանի բաղադրիչներ, որոնք ինչ-որ բանում հաջողակ են դարձնում։ Կա ենթակառուցվածք, կա արտաքին աջակցություն, պետական և մասնավոր նվիրատվություններ։ Բայց ամենակարևորը մարդիկ են, նրանց պատրաստվածությունը, փորձը, ամենից առաջ՝ նրանց մոտիվացիան և սիրտը։ Սա ամենակարևորն է։
Եվ երբ այս ամենը միասին է գալիս, ապա ապագան պայծառ է թվում։
— Ի՞նչն էր Ձեզ ամենից շատ զարմացրել հայ բժիշկների աշխատանքի մշակույթում։
Ես բավականին շատ երկրներ եմ ճանապարհորդել։ Եվ Հայաստանը այն երկրներից է, որը 1990 թվականից հետո անկախություն ձեռք բերեց Խորհրդային Միությունից։ Ես նաև գիտեմ հետխորհրդային այլ երկրները։ Եվ այն, ինչ ես այստեղ սովորում եմ, այն, ինչ ես այստեղ զգում եմ, ոգու եզակի դրսևորում է։ Դա հետաքրքրասիրություն է։ Հետաքրքրասիրությունը նշանակում է, որ ես անընդհատ ուզում եմ ինչ-որ նոր բան սովորել։ Եվ ես պատրաստ եմ թողնել հինը և անել ինչ-որ նոր բան, որովհետև դա ավելի լավն է։ Ավելի լավ ապագայի համար։ Եվ ես այս մոտիվացիան զգում եմ այստեղ. այն այնտեղ է՝ թիմի բոլոր անդամների մեջ։ Եվ դա հիանալի է։
— Կարո՞ղ ենք ասել, որ «Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոն»-ում կիրառվող բուժման մեթոդները համապատասխանում են միջազգային ընդունված նորմերին։
Այո, անկասկած։ Եվ դա այս թիմի շնորհիվ է։ Կինս և ես այստեղ ենք գալիս տարեկան մոտ մեկ անգամ, և հրաշալին այն է, որ ամեն անգամ նոր բան ենք տեսնում։ Նոր բան, օրինակ՝ մի ժամանակ պալիատիվ խնամքի բաժանմունք էր, հիմա՝ նոր վերանորոգված շենք։ Ամեն տարի միշտ ինչ-որ նոր բան է ավելացվում։
Մենք կցանկանայինք տարին մեկ անգամ անպայման գալ Հայաստան։