Home Նորություններ Հայաստանում մինչ այսօր իրականացվել է 25 ալոգեն փոխպատվաստում
Հայաստանում մինչ այսօր իրականացվել է 25 ալոգեն փոխպատվաստում
Ալոգեն փոխպատվաստումը բարդագույն բժշկական միջամտություն է, որի ընթացքում հիվանդի իմունային համակարգն ու արյունաստեղծ բջիջները փոխարինվում են դոնորի համապատասխան բջիջներով։ Արյան ծանր չարորակ հիվանդությունների դեպքում այն հաճախ հանդիսանում է միակ արդյունավետ բուժման տարբերակը՝ ապահովելով լիարժեք ապաքինման հնարավորություն։
Այսպիսի ծրագիր ներդնելը պահանջում է բարձր մասնագիտական պատրաստվածություն, ճշգրիտ կազմակերպված աշխատանք և ժամանակակից տեխնոլոգիական հագեցվածություն։ Նույնիսկ տնտեսապես զարգացած բազմաթիվ երկրներում ալոգեն փոխպատվաստումը դեռևս սահմանափակ հասանելիություն ունի։
Սահմանափակ ռեսուրսների պայմաններում նման ծրագրի կայացումը «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում դարձել է թիմային հետևողական աշխատանքի արդյունք։ Այսօր այս բարդ միջամտությունը իրականացվում է Հայաստանում՝ հնարավորություն տալով մեր պացիենտներին բուժում ստանալ հայրենիքում՝ առանց արտերկիր մեկնելու անհրաժեշտության։
Չնայած այն հանգամանքին, որ ամբողջ աշխարհում ալոգեն փոխպատվաստումը համարվում է բարձր ռիսկային գործընթաց, մեր թիմը գրանցել է վստահելի և մրցունակ արդյունքներ։ Մենք հաջողությամբ իրականացնում ենք նաև հապլոիդենտիկ (կիսահամատեղելի) փոխպատվաստումներ, որոնք պահանջում են բացառիկ մասնագիտական հմտություն և տարածաշրջանում հասանելի են միայն Հայաստանում։
Մենք շարունակում ենք հետևողականորեն զարգացնել ծրագիրը՝ յուրաքանչյուր պացիենտի տալով բուժման իրական հնարավորություն։ Շնորհակալ ենք վստահության համար։
Առաջիկայում մենք կխոսենք այն մասին, թե ինչու է ալոգեն փոխպատվաստումը համարվում ամենաբարդ միջամտություններից մեկն աշխարհում։