Պատմություն

ՀՀ Առողջապահության նախարարության ««Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոն» ՓԲԸ-ը հանդիսանում է Հայաստանի արյունաբանության և ուռուցքաբանության ոլորտի առաջատար կենտրոն։ Արյունաբանության ոլորտում այն եզակի գիտահետազոտական և բուժական հաստատություն է, որն ունի հայասատանյան ու տարածաշրջանային նշանակություն։

Կենտրոնի պատմությունը սկսվում է դեռևս 1930-ականներին, երբ պրոֆեսոր Ա. Ա. Բաղդասարովի նախաձեռնությամբ Երևան ժամանեց մասնագետների խումբ՝ դոնորության գաղափարը տարածելու և արյան ծառայությունը կազմակերպելու նպատակով։ 1933 թվականին Հայաստանում ստեղծվեց Մոսկվայի Արյունաբանության և արյան փոխներարկման ինստիտուտի մասնաճյուղը, որի ղեկավար նշանակվեց անվանի գիտնական Ռուբեն Յոլյանը։ Նրա անձնական ներդրմամբ ձևավորվեց այն գիտական և բուժական հենքը, որի վրա հետագայում կառուցվեց ամբողջ համակարգը։

1939 թվականից հաստատությունը գործեց որպես Արյան փոխներարկման Հայաստանի Հանրապետական կայան: Միաժամանակ բացվեցին արյան փոխներարկման բաժանմունքներ Լենինականում (Գյումրի)՝ Ս.Թովմասյանի ղեկավարությամբ, և Կիրովականում (Վանաձոր)՝ Ե.Ասլանյանի ղեկավարությամբ:

1947 թվականին Երևանում, Մինիստրների խորհրդի որոշմամբ, ստեղծվեց Արյունաբանության և արյան փոխներարկման գիտահետազոտական ինստիտուտը։ Այն դարձավ Խորհրդային միության հինգ առաջատար մասնագիտացված կենտրոններից մեկը՝ համադրելով գիտությունը, բուժօգնությունը և մեթոդական ղեկավարումը մեկ կառույցում։

Կենտրոնի ղեկավարները՝ ըստ ժամանակագրության․

Կենտրոնն այսօր

Կենտրոնի զարգացմանը զուգահեռ ավելացել են նաև մատուցվող ծառայությունների քանակը՝ ընդգրկելով մի շարք այլ ճյուղեր։

2019թ․-ից կենտրոնի կազմում է նաև Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնը, որն ստեղծվել է ՀՀ ԱՆ պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի և ԵՊԲՀ Մուրացան հիվանդանոցային համալիրի քիմիաթերապիայի կլինիկայի մանկական արյունաբանական և ուռուցքաբանական ծառայությունների միացման արդյունքում:

2019թ․-ի մայիսից կենտրոնում հիմնվել է նաև Մեծահասակների ուռուցքաբանության և քիմիաթերապիայի կլինիկան, որտեղ բուժում են ստանում չարորակ սոլիդ ուռուցքային ախտահարում ունեցող պացիենտները։

Հաշվի առնելով կենտրոնի գործունեության ծավալների և ուղղությունների աճը, առաջացավ անվանափոխության անհրաժեշտություն՝ առավել հստակ արտահայտելու տրամադրվող ծառայությունների իրական ընդգրկումն ու բնույթը․ ՀՀ ԱՆ  «Պրոֆ․ Ռ․ Հ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ն վերանվանվեց ՀՀ ԱՆ ««Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոն» ՓԲԸ-ի։

Այսօր՝ որպես ՀՀ առողջապահական համակարգի կարևորագույն կառույցներից մեկը, «Յոլյան» ԱՈՒԿ-ը համադրում է գիտությունը, մասնագիտական փորձն ու մարդկային հոգատարությունը։ Այստեղ իրականացվում են արյունաբանության և ուռուցքաբանության բնագավառների ամենաբարդ ախտորոշիչ և բուժական միջամտությունները՝ ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների համար։

Կարևորելով մշտական զարգացումը՝ մեր կենտրոնն առանձնահատուկ ուշարդություն է դարձնում մասնագետների պատրաստվածությանը, ուստի կենտրոնի բուժանձնակազմը պարբերաբար մասնակցում է վերապատրաստումների, ներդնում միջազգային գիտելիքն ու փորձը՝ տրամադրելով բարձր մակարդակի, արդի բժշկության ստանդարտներին համապատասխան բուժօգնություն։

Կենտրոնը հագեցած է ժամանակակից լաբորատոր և դիագնոստիկ սարքավորումներով՝ ապահովելով արագ, ճշգրիտ և բարձրարժեք ախտորոշում։

Մենք շարունակաբար ներդնում ենք նոր տեխնոլոգիաներ՝ բարելավելու բուժառուների սպասարկման որակը և ընդլայնելու բուժման հնարավորությունները։

Մենք հավատում ենք՝ առողջ ապագան սկսվում է վստահելի բժշկությունից։ Եվ այդ ապագան մենք կառուցում ենք ամեն օր՝ նվիրվածությամբ, գիտելիքով և հոգատարությամբ։

Հերթագրվել

010283800 Հերթագրվել