Կրծքագեղձի չարորակ նորագոյացություններ

Կրծքագեղձի քաղցկեղձը ամենահաճախ ախտորոշվող չարորակ հիվանդությունն է կանանց շրջանում։ Տարեկան գրանցվում է կրծքագեղձի քաղցկեղի մոտ 2.000.000 նոր դեպք։
Կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը բարձրացնող որոշակի գործոններ կան, օրինակ՝ ճարպակալումը հետդաշտանադադարային շրջանում, հետդաշտանադադարային շրջանում էնդոկրին թերապիան, բարձր տարիքը, ռասսան (ավելի հաճախ հանդիպում է սպիտակամորթ կանանց շրջանում), վաղ մենարխեն կամ ուշ մենոպաուզան, ծննդաբերության բացակայությունը, ծխելը, ալկոհոլի չարաշահումը։

Միևնույն ժամանակ կան գործոններ, որոնք նվազեցնում են կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը։ Դրանցից են՝ կրծքով կերակրումը, ֆիզիկական ատիվությունը, հետդաշտանադադարային շրջանում քաշի նվազեցումը։ Կանայք, որոնք ունեն կրծքագեղձի քաղցկեղի ընտանեկան պատմություն, ձվարանի, որովայնամզի կամ արգանդափողի քաղցկեղ, նախկինում ստացած կրծքավանդակի ճառագայթային թերապիա, ունեն կրքագեղձի քաղցկեղի զարգացման ավելի բարձր ռիսկ։

Կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման համար սոնոգրաֆիան և մամոգրաֆիան հանդիսանում են կարևոր ախտորոշիչ հետազոտություններ։ Հիվանդության վերջնական ախտորոշման և տեսակի որոշման նպատակով իրականացվում է բիոպսիա և բիոպսիոն նյութի հյուսվածաբանական ևիմունոհիստոքիմիական քննություններ: Ախտորոշումից  հետո մեծ նշանակություն ունի հիվանդության տարածվածության աստիճանի գնահատումը, ինչն ազդում է բուժման մեթոդի ընտրության վրա։


Ժառանգականություն․ Մեծ նշանակություն ունի կրծքագեղձի քաղցկեղի ինչպես սեփական, այնպես էլ ընտանեկան պատմությունը։ Հազվադեպ դեպքերում նկարագրվում են գենետիկ մուտացիաներ, ինչպես BRCA 1/2 գենի ախտաբանական տարբերակները, որոնք բերում են կրքագեղձի քաղցկեղի առաջացմանը։

Կանխարգելում․ Կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման և վաղ հայտնաբերման համար կարևոր է կանոնավոր զննումը․ կանանց խորհուրդ է տրվում 25 տարեկանից սկսած տարին մեկ անգամ անցնել կրծքագեղձերի սոնոգրաֆիկ հետազոտություն, իսկ 45 և բարձր տարիքի կանայք՝ մամոգրաֆիկ զննում՝ հնարավոր փոփոխությունները ժամանակին հայտնաբերելու և բուժման արդյունավետությունն ապահովելու համար։