Home Նորություններ 7 տարի՝ հանուն երեխաների կյանքի որակի բարելավման և ապաքինման
7 տարի՝ հանուն երեխաների կյանքի որակի բարելավման և ապաքինման
2019 թվականի փետրվարի 7-ին ՀՀ-ում գործող մանկական ուռուցքաբանական և արյունաբանական բոլոր բաժանմունքների միավորումը հիմք դրեց Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ստեղծմանը։ Այս քայլը դարձավ ոլորտի զարգացման կարևոր շրջադարձ՝ ձևավորելով ժամանակակից, բազմամասնագիտական և միջազգային չափանիշներին համապատասխան բուժօգնության համակարգ։
Այս տարիների ընթացքում կենտրոնում ներդրվել են միջազգային՝ եվրոպական և ամերիկյան բուժման սխեմաներ, իսկ բուժման գործընթացները դարձել է ավելի կառավարելի։ Միաժամանակ ընդլայնվեցին միջազգային համագործակցությունները։ Կենտրոնը առաջինն էր, որը միացավ St. Jude Children’s Research Hospital-ի գլոբալ ալյանսին։ Այսօր աշխարհագրությունը ընդլայնվել է և կենտրոնը համագործակցում է Ավստրիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Գերմանիայի, Չինաստանի և Լիբանանի առաջատար կլինիկաների հետ։
7 տարիների ընթացքում կենտրոնի ձեռքբերումներից են՝
- մանկական ուռուցքային հիվանդությունների ռեգիստրի ստեղծումը, որը հնարավորություն տվեց ապահովելու մանկական քաղցկեղի դեպքերի ճշգրիտ և համակարգված վիճակագրություն Հայաստանում։
- Հոգեսոցիալական ծառայության ներդրում, որը նպատակ ունի բուժման ողջ ընթացքում և դրանից հետո, աջակցություն տրամադրել երեխային և ընտանիքի անդամներին
- ոսկրածուծի փոխպատվաստման ծրագրի ներդրումը (2021թ․), որը զգալիորեն բարձրացրել է բուժման արդյունավետությունը։
- Երեխաների և դեռահասների քաղցկեղը վերապրածների կլինիկայի ստեղծումը՝ Հայաստանում առաջին և միակ կենտրոնը, որը տրամադրում է երկարաժամկետ, համակարգված և բազմապրոֆիլ հսկողություն քաղցկեղից բուժված երեխաների համար։
- Քաղցկեղի նախատրամադրվածության կլինիկայի ստեղծումը, որը զբաղվում է այն երեխաներով, ովքեր ունեն քաղցկեղի ժառանգական նախատրամադրվածություն և հիվանդանալու բարձր ռիսկ։
- Մանկական պալիատիվ խնամքի կլինիկայի ստեղծումը (ստեղծվել է City of Smile Charitable Foundation / Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ), որն ապահովում է համապարփակ խնամք կյանքի բարդ փուլում գտնվող երեխաների համար։
Կարևոր է ընդգծել նաև, որ հենց այս միավորումը հիմք դրեց մանկական նեյրոուռուցքաբանության զարգացմանը՝ հնարավորություն տալով երեխաներին բուժում ստանալ առանց արտերկիր մեկնելու։
Հայաստանում տարեկան գրանցվում է մանկական քաղցկեղի շուրջ 100 առաջնակի դեպք (7 տարիների ընթացքում մոտ 700 դեպք)։ Կենտրոնի և աջակցող կազմակերպությունների ջանքերով 70–75% դեպքերում երեխաների մոտ լիարժեք ապաքինում է գրանցվել։
Կարևորոագույն նվաճումներից է այն, որ բուժման համար մինչ օրս կենտրոն են դիմում նաև արտերկրից։ Ունեցել ենք պացիենտներ Գայանայից, Ռուսաստանից, Ղրղզստանից։
«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի գերնպատակներից է քաղցկեղով հիվանդների ապաքինման ցուցանիշների շարունակական բարելավումը․ մենք դրա համար պայքարում ենք ամեն օր։