28-ամյա պացիենտը պայքարում է միելոդիսպլաստիկ համախտանիշի դեմ․ իրականացվել է ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստում

28-ամյա պացիենտի մոտ 2025 թվականին ախտորոշվել է միելոդիսպլաստիկ համախտանիշ․ բարդ ընթացքով արյան չարորակ հիվանդություն։ Նախկինում իրականացված դեղորայքային բուժումն ապահովել էր մասնակի լավացում, սակայն այս հիվանդության դեպքում դրական տեղաշարժը սովորաբար ժամանակավոր է, և լիովին հաղթահարման համար անհրաժեշտ է արմատական բուժում։

Մասնագետների կողմից, չնայած բարձր ռիսկայնությանը, որոշում է կայացվել իրականացնել ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստում։ Այն հանդիսանում է լիարժեք առողջացման հնարավորություն տվող միակ մեթոդը։

Փոխպատվաստումից առաջ իրականացվել է պարտադիր նախապատրաստական փուլը․ բարձր դեղաչափային քիմիաթերապիայի միջոցով վերացվել է պացիենտի հին, հիվանդ արյունաստեղծ համակարգը։ Այնուհետև նրա օրգանիզմ են ներմուծվել լիովին համատեղելի դոնորի՝ հարազատ եղբոր առողջ ցողունային բջիջները։

Առջևում երկար ապաքինման ուղի է։ Անհրաժեշտ է ժամանակ, որպեսզի դոնորական բջիջները ձևավորեն նոր արյան համակարգ, նոր իմունիտետ և նոր իմուն հիշողություն։ Այս նոր համակարգը պետք է ներդաշնակ գործի պացիենտի օրգանիզմի հետ, ոչնչացնի մնացորդային չարորակ բջիջները և հնարավորություն տա նրան շարունակել իր կյանքը՝ հաղթահարելով հիվանդությունը։

Ոսկրածուծի փոխպատվաստումն իրականացվել է պետության և VIVA. Doctors and Volunteers for Armenia բարեգործական հիմնադրամի աջակցությամբ, իսկ մասնագետների բարձր պրոֆեսիոնալիզմը պացիենտին տվել է կյանքի նոր հնարավորություն։

Հերթագրվել

010283800 Հերթագրվել