Home Արյան բանկ Page 2
Արյան բանկ
- Մեր մասին
- Ո՞վ կարող է հանդիսանալ դոնոր
- Արյան և դրա բաղադրամասերի պաշարման բաժանմունք
- Արյան պատրաստուկների հումքի վերամշակման և ապահովման բաժանմունք
- Արյան բաղադրամասերի և պատրաստուկների տրամադրման բաժանմունք
- Շճաբանական լաբորատորիա
- Իմունաարյունաբանության բաժանմունք
- Մոլեկուլային գենետիկայի լաբորատորիա
- Արյան ծառայության Գյումրու բաժանմունք
- Արյան ծառայության Գորիսի բաժանմունք
- Արյան ծառայության Վանաձորի բաժանմունք
- Արյան ծառայության Հրազդանի բաժանմունք
- Արյան ծառայության Արմավիրի բաժանմունք
- Գնացուցակ
- Մեր թիմը
1947 թվականին Արյան փոխներարկման կայանի հիման վրա ստեղծվում է Երևանում Արյունաբանության և արյան փոխներարկման գիտահետազոտական ինստիտուտը, ներկայումս՝ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնը։
ՀՀ ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան բանկը ՀՀ-ում հանդիսանում է արյան բաղադրամասերի պաշարման գլխամաս, որը սպասարկում է ՀՀ-ում գտնվող բոլոր բուժհաստատություններին՝ ապահովելով արյան լիարժեք և ժամանակին մատակարարում։ Այստեղ պահվում են ոչ միայն մշտական օգտագործման համար հավաքվող արյան բաղադրամասերը, այլ նաև արյան պետական պաշարները, որի նպատակն է արտակարգ իրավիճակներում բնակչությանը ապահովել անհրաժեշտ արյան բաղադրամասերով։
2025 թվականի հունվարի 27-ին ՀՀ ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում բացվեց Արյան բանկի նոր մասնաշենքը՝ ժամանակակից լուծումներով, հագեցած վերջին սերնդի սարքավորումներով։ Նոր շենքն իր ենթակառուցվածքներով ապահովում է ինչպես դոնորների ընդունման, արյան բաղադրամասերի և պատրաստուկների տրամադրման, այնպես էլ արյան բաղադրամասերի վերամշակման և պահպանման որակի բարձրացումը՝ երաշխավորելով թե՛ պացիենտների, թե՛ դոնորների անվտանգությունը։ Նոր կառուցված շենքը հնարավորություն է տալիս ավելացնել Արյան բանկում իրականացվող ծառայությունների ծավալը։
Արյան բանկը ՀՀ-ում հանդիսանում է՝

- արյան դոնորության և փոխներարկումային բուժօգնության մեթոդաբանության մշակող,
- բուժհաստատություններում գործող արյան բանկերին խորհրդատվական աջակցություն իրականացնող,
- արյան դոնորների էլեկտրոնային ռեեստրի աշխատանքի կազմակերպող և կարգավորող։
Արյան բանկում իրականացվում են՝
- Արյան դոնորների ընտրություն և բուժզննում,
- Ամբողջական արյան հավաքագրում,
- Հավաքագրված ամբողջական արյունից արյան բաղադրամասերի ստացում և պահպանում,
- Արյան բաղադրամասերի հավաքագրում աֆերեզի եղանակով,
- Հակա-D հակամարմիններ պարունակող պլազմայի հավաքագրում,
- Հակա-D իմունոգլոբուլինի արտադրություն,
- Արյան բաղադրամասերի ճառագայթում՝ անվտանգության բարձրացման նպատակով,
- Արտագնա պայմաններում դոնորական արյան հավաքագրում,
- Բուժական նպատակով պլազմաֆերեզ, պլազմաէքսչենջ, լեյկոդոպլեցիա, թրոմբոդեպլեցիա,
- Բուժական արյան բացթողում,
- Արյունաստեղծ ցողունային բջիջների հավաքագրում ծայրամասային արյունից։

Բանկն այսօր հագեցած է անհրաժեշտ բոլոր սարքավորումներով, ներառյալ՝
- պլազմաֆերեզի և ցիտաֆերեզի սարքերով,
- թրոմբոցիտների պահպանման համար խառնիչ-ինկուբատորով,
- պլազմայի արագ սառեցման սարքով,
- ճառագայթման սարքով,
- պլազմայի պահպանման համար սառցե խցիկով։
Այս ամենն ապահովում են արյան բաղադրամասերի բարձր որակը։
2023 թ-ի օգոստոսից արյան բանկին միացան Գյումրու, Վանաձորի, Հրազդանի, Արմավիրի և Գորիսի մարզային արյան բանկերը, որը նպաստեց մարզային արյան պաշարների առավել արդյունավետ օգտագործմանը։
Կենտրոնի առաջնահերթություններից է անհատույց արյան դոնորության իրազեկման արշավների կազմակերպումն ու անցկացումը, որն ուղղված է երկրում անհատույց արյունատվության մշակույթի զարգացմանը։ Այդ կապակցությամբ իրականացվում են արշավներ լրատվամիջոցների, ՀՀ-ում գործող բժշկական կենտրոնների, ինչպես նաև տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ընկերությունների հետ համագործկացություններ։ Կազմակերպվում են արտագնա արյունատվության ակցիաներ։
Փոխտնօրեն արյան ծառայության գծով՝
Արյան միակ աղբյուրը մարդն է։ Մինչ օրս աշխարհում գոյություն չունի ոչ մի դեղամիջոց, որը կարող է փոխարինել արյանը։ Այդ պատճառով արյան դոնորությունը ոչ թե ընտրություն է, այլ կենսական անհրաժեշտություն։
Արյան կարիքը մշտական է։ Պետք չէ սպասել արտակարգ իրավիճակի կամ հատուկ կոչի։ Այն մարդիկ, ովքեր պայքարում են կյանքի համար, հաճախ կախված են մեկ ուրիշի՝ քո նման մարդու որոշումից։
Ո՞վ կարող է հանդիսանալ դոնոր
- տարիք՝ 18 տարին լրացած,
- մարմնի նվազագույն զանգված՝ 62 կգ (արական սեռ), 52 կգ (իգական սեռ),
- երակազարկը՝ 60-90 զ/ր
- հեմոգլոբինի մակարդակի թույլատրելի սահմանները` 125-180գրամ/լիտր (իգական սեռ), 135-188գրամ/լիտր (արական սեռ):
- արյան դիաստոլիկ ճնշումը` 60-100 միլիմետր սնդիկի սյուն, սիստոլիկ զարկերակային ճնշումը 90-160 միլիմետր սնդիկի սյուն
Կարևոր է իմանալ
Արյունատվությունն ունի բացարձակ և ժամանակավոր հակացուցումներ, որին պետք է հետևել՝ Ձեր և Ձեր արյան բաղադրամասերը ստացողի առողջությանը վնաս չպատճառելու համար։
Բացարձակ հակացուցումներն են.
- Վարակիչ հիվանդությունները (ՄԻԱՎ-վարակակրություն, ՁԻԱՀ, վիրուսային հեպատիտներ (երբևէ լաբորատոր դրական պատասխան վիրուսային հեպատիտների նկատմամբ) սիֆիլիսի (բնածին կամ ձեռքբերովի), տուբերկուլյոզի բոլոր ձևերը, բրուցելոզ, բծավոր տիֆ, տուլարեմիա, բոր, էխինոկոկոզ և այլն):
- Սոմատիկ հիվանդություններ (չարորակ նորագոյացություններ և արյան հիվանդությունները, կենտրոնական նյարդային համակարգի օրգանական ախտահարումներ, հոգեկան հիվանդություններ, խուլհամրություն, ալկոհոլիզմ, թմրամոլություն)
- Սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ (գերճնշումային (հիպերտոնիկ) հիվանդություն, սրտի իշեմիկ հիվանդություն, ուղեղի անոթային հիվանդություններ, թրոմբոֆլեբիտ, երակների վարիկոզ լայնացում, սրտի արատներ (բնածին և ձեռքբերովի) էնդոկարդիտ, միոկարդիտ):
- Շնչառական օրգանների հիվանդություններ (թոքերի էմֆիզեմա, թոքային ֆիբրոզ, ասթմա (հեղձուկ), օբստրուկտիվ բրոնխիտ, բրոնխոէկտատիկ հիվանդություն)
- Լյարդի և լեղուղիների հիվանդություններ (քրոնիկ հեպատիտ, լյարդի ցիռոզ, լեղապարկի քարեր խոլեցիստիտով, խոլանգիտ)
- Երիկամների և միզուղիների հիվանդություններ (երիկամների խողովակամիջանկյալային (տուբուլոինտերստիցիալ) հիվանդություններ, երիկամային անբավարարություն)
- Շարակցական հյուսվածքի սիստեմային (տարածուն) ախտահարումներ
- Ճառագայթային հիվանդություն
- Ներզատական համակարգի հիվանդություններ (նյութափոխանակության արտահայտված խանգարումներով)
- Աչքի և նրա հավելյալ ապարատի հիվանդություններ՝ տեսողություն (± 6 դիոպտրիա և ավելի), անոթացանցենու բորբոքման մնացորդային երևույթներ (խորիոռետինային բորբոքում, իրիտ, իրիդոցիկլիտ), տրախոմա:
- Մաշկի և ենթամաշկային բջջանքի հիվանդություններ (ներառյալ պսորիազ, վիտիլիգո)
- Ոսկրաբորբ (օստեոմիելիտ)
- Վիրահատություններ (կյանքի ընթացքում որևէ օրգանի հեռացում (ստամոքս, երիկամ, փայծաղ, արգանդ իր հավելումներով, ձեռք, ոտք, աչք և այլն))
Ժամանակավոր հակացուցումներն են.
- Արյան բաղադրամասերի փոխներարկում, դաջվածք, մաշկի կամ լորձաթաղանթների ամբողջականության խախտումով ուղեկցվող բժշկական այլ միջամտություններ, ատամի նյարդի հեռացում - 6 ամիս
- Ատամի հեռացում - 10 օր
- Վիրահատություններ, այդ թվում նաև հղիության արհեստական ընդհատում - 6 ամիս
- Միզաքարային հիվանդություն, ստամոքսի խոց, տասներկումատնյա աղիքի խոց- բուժումից և լիարժեք առողջացումից 2 տարի
- Հղիության և լակտացիայի շրջան- ոչ պակաս, քան 1 տարի ծննդաբերությունից հետո, ոչ պակաս, քան 3 ամիս լակտացիայի ավարտից հետո
- Դաշտանի շրջան - դաշտանի ավարտից հետո ոչ պակաս, քան 5 օր
- Ալերգիկ վիճակներ -1 ամիս
- Ջերմության բարձրացում 370C ջերմաստիճանից բարձր, վերին շնչառական ուղիների սուր բորբոքումներ - 14 օր
- Հայաստանի Հանրապետությունից դուրս էնդեմիկ օջախներում երկարատև (1 ամսից ավելի) գտնվելու դեպքում - 6 ամիս
- Մալարիայի բուժումն ավարտելուց հետո - 5 տարի
- Ոգելից խմիչքների ընդունում - 24 ժամ
- Ալանինամինատրանսֆերազայի բարձրացում մինչև 2 անգամ - 2 ամիս
- Վերջին 6 ամսվա ընթացքում սեռական հարաբերություններ ունենալը ոչ մշտական զուգընկերոջ հետ- 6 ամիս
Ժամանակավոր հակացուցումներ են համարվում նաև պատվաստումները, որոշ դեղերի օգտագործումը։
Պատվաստումներ`
- կենդանի վակցինա - 1 ամիս
- սպանված վակցինա -10 օր
- կատաղության և հեպատիտ Բ-ի դեմ իմունոգլոբուլին - 6 ամիս
Դեղերի օգտագործում՝
- Հակաբիոտիկներ -14 օր
- Ասպիրին -5 օր
- ոչ ստերոիդ հակաբորբոքային միջոցներ - 3 օր
Ինչպես նախապատրաստվել արյունատվության
- արյունատվության օրը դոնորը չպետք է օգտագործի յուղոտ, տապակած, կծու, ապխտած կերակուր, կարելի է ընդունել թեթև նախաճաշ, թեյ կամ սուրճ,
- արյունատվությունից 24 ժամ առաջ չպետք է օգտագործի ոգելից խմիչք,
Արյունատվությունն իրականացվում է երկուշաբթիից ուրբաթ, ժամը՝ 9.00-13։00 (ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով):
Դոնորն անցնում է հետևյալ քայլերով՝
- Գրանցում, հարցաթերթիկի լրացում (կարող եք լրացնել նաև առցանց տարբերակով այստեղ),
- Բուժզննում թերապևտի կողմից՝ արյան ճնշման, հեմոգլոբինի ցուցանիշների ստուգում և այլն,
- Արյունատվության գործընթաց՝ անվտանգ ու ստերիլ պայմաններում,
- Մեր կողմից սննդի տրամադրում՝ կալորիաները վերականգնելու համար;
Տարվա ընթացքում 1-2 անգամ արյուն հանձնելով դուք կօգնեք մարդկանց, ովքեր պայքարում են իրենց կյանքի համար։ Արյունատվությունը կնպաստի նաև Ձեր օրգանիզմում արյունաստեղծ բջիջների ակտիվ աշխատանքին։
«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան բանկի կազմում գործում է Արյան և դրա բաղադրամասերի պաշարման բաժանմունքը, որտեղ իրականացվում են հետևյալ աշխատանքները․
- Արյան դոնորների ընդունում և բժշկական զննում,
- Արյան կամ արյան բաղադրամասերի հավաքագրում, մշակում և պահպանում,
- Դոնորների իմունիզացում Rh(D)-հակածինով,
- Իզոիմուն պլազմայի հավաքագրում և պահպանում,
- Թերապևտիկ պլազմաֆերեզ,
- Արտագնա թերապևտիկ պլազմաֆերեզ,
- Պլազմայի փոխանակում (պլազմա-էքսչենջ),
- Արտագնա պլազմայի փոխանակում (պլազմա-էքսչենջ),
- Պերիֆերիկ ցողունային բջիջների հավաքագրում,
- Արտագնա արյունատվությունների կազմակերպում և իրականացում։
Բաժանմունքն ապահովված է միջազգային չափանիշներին համապատասխան նորագույն և բարձր արդյունավետությամբ անհրաժեշտ սարքավորումներով։

Այդ թվում՝
- Trima Accel - այն թույլ է տալիս նպատակային հավաքագրել արյան անհրաժեշտ բաղադրամասերը՝ թրոմբոցիտներ, էրիթրոցիտներ կամ պլազմա՝ տարբեր կոմբինացիաներով։ Սարքը ապահովում է բարձր մաքրության մակարդակ, ինչը բարելավում է բաղադրամասերի որակը հետագա կլինիկական կիրառման ժամանակ։ Trima Accel-ն օպտիմիզացնում է նաև ընթացակարգի տևողությունը՝ նվազեցնելով դոնորի ծանրաբեռնվածությունը։
- Spectra Optia - բաժանմունքում այն հիմնականում կիրառվում է ծայրամասային արյունից ցողունային բջիջների հավաքագրման համար։ Հազվադեպ իրականացվում են նաև պլազմայի փոխանակում, լեյկոդեպլեցիա և գրանուլոցիտաֆերեզ։ Spectra Optia-ն բազմաֆունկցիոնալ սարք է, որը թույլ է տալիս իրականացնել՝
- Ցողունային բջիջների և գրանուլոցիտների հավաքագրում,
- Լեյկոցիտների և թրոմբոցիտների աղքատացում (հեռացում),
- Պլազմայի և էրիթրոցիտների փոխանակում,
- Ոսկրածուծի մշակում
ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ
Բաժանմունքի վարիչ՝ Արմեն Արտակի Պետրոսյան
Բժիշկ-փոխներարկաբան՝ Արթուր Տիգրանի Դաբիկյան
Բժիշկ-փոխներարկաբան՝ Մարիա Նորայրի Մուրվալյան
Բժիշկ՝ Աստղիկ Խաչատուրի Խաչատրյան
Բժիշկ՝ Տատյանա Արթուրի Աբրամյան
Բժիշկ՝ Նարե Թադևոսի Սեյրանյան
Արյան պատրաստուկների հումքի վերամշակման և ապահովման բաժանմունքը հիմնադրվել է 1971թ.-ին: Սկզբնական ժամանակաշրջանում ներդրվել է մարդու արյան պլազմայից ֆիբրինոգենի և իզոգեն շիճուկի արտադրությունը, որոնք լայնորեն կիրառվում էին hանրապետության բուժհաստատություններում, ինչպես նաև արտահանվում էին խորհրդային այլ երկրներ: Հետագայում ներդրվում է նաև 10%-անոց ալբումինի լուծույթի, հակաստաֆիլակոկային պլազմայի և փոքր քանակությամբ ֆիբրինային թերթիկների արտադրությունը:
1975թ.-ից բաժանմունքում ներդրվել է հակառեզուս Rho (D) իմունոգլոբուլին պատրաստուկի արտադրությունը, որն իրականացվում է մինչ այսօր։ Խորհրդային միության փլուզումից հետո արտադրամասի աշխատանքը մասամբ դադարեցվում է, բացառությամբ հակառեզուս իմունոգլոբուլին պատրաստուկի արտադրության, որն իրականացվում էր լաբորատոր ռիվանոլային մեթոդով:
2018թ․-ին ներդրվել է տարածաշրջանում եզակի հակառեզուս իմունոգլոբուլինի արտադրության Կոնի սառը սպիրտային ֆրակցիոնացման մեթոդը, որը դասական մեթոդ է և ամբողջ աշխարհում լայնորեն օգտագործվում է պլազմա արտադրող ընկերությունների մեծ մասի կողմից: Սա բազմաստիճան տեխնոլոգիական գործընթաց է, որն իրականացվում է ցածր ջերմաստիճանի պայմաններում (-3 - -10 0C) և լրացուցիչ մաքրման և վիրուսինակտիվացման փուլերի հետ միասին հնարավորություն է տալիս ստանալ միջազգային չափանիշներին համապատասխան բարձորակ պատրաստուկ:
Բաժանմունքում իրականացվում է․
- Մարդու արյան պլազմայից հակառեզուս իմունոգլոբուլին պատրաստուկի արտադրությունը, որի նախածննդյան և հետծննդյան ներարկումները հնարավորություն են տալիս կանանց մոտ կանխարգելել ռեզուս իզոիմունիզացիան։ Արտադրվող քանակներն ամբողջությամբ ապահովում է ՀՀ պահանջարկը։
- Հակառեզուս D իմունոգլոբուլին պատրաստուկն օգտագործվում է պտղի և նորածնի հոմոլիտիկ հիվանդության կանխարգելման նպատակով: Պատրաստուկի նախածննդյան և հետծննդյան ներարկումները հնարավորություն են տալիս ռեզուս բացասական կանանց մոտ կանխարգելել ռեզուս իզոիմունիզացիան գրեթե 100%-ով:
- Պտղի և նորածնի հեմոլիտիկ հիվանդությունը նախածննդյան կամ նորածնի փուլում հեմոլիտիկ պրոցես է, որը ուղեկցվում պտղի արյան էրիթրոցիտների աննորմալ քայքայմամբ: Մինչ ծննդյան շրջանը, այն կոչվում է պտղի էրիթրոբլաստոզ կամ պտղի ջրգողություն: Չբուժելու դեպքում կարող է հանգեցնել պտղի կամ երեխայի անեմիայի, հիպերբիլիռուբինեմիայի և նույնիսկ մահվան: Ռեզուս բացասական մոր օրգանիզմում հակա-D իմունոգլոբուլինների սինթեզը տեղի է ունենում ի պատասխան վերջինիս արյան շրաջառությունում պտղի ռեզուս դրական էրիթրոցիտների առկայության:
Բաժանմունքի վարիչ` Միքայել Գինովյան
Արյան բաղադրամասերի և պատրաստուկների տրամադրման բաժանմունքը գործում է արյան բանկի ստեղծման օրվանից և համարվում է նրա անբաժանելի մասը։
Բաժինը գործում է շուրջօրյա և արյուն է տրամադրում հանրապետության բոլոր բուժհաստատություններին։
«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան ծառայության Արյան բաղադրամասերի և պատրաստուկների տրամադրման բաժանմունքը համագործակցում է մարզերում և Երևանի տարբեր հիվանդանոցներում գտնվող արյան բաժինների հետ, կազմակերպում մարզերից ու այլ բաժիններից անհարաժեշտ բաղադրամասերի արագ տեղափոխումը։
Բաժնմունքի ղեկավար` Արմինե Ստեփանյան, բժիշկ-արյունաբան, տրանսֆուզիոլոգ
Շճաբանական լաբորատորիան հիմնադրվել է 1938թ․-ին։ Այն համալրված է առաջատար արտադրողների ժամանակակից անալիզատորներով, որոնք ապահովում են կատարվող լաբորատոր հետազոտությունների բարձր որակը: Որպես աստիճանավորման և վերահսկման նյութեր՝ ներլաբորատոր որակի հսկողության համար, շճաբանական լաբորատորիայում օգտագործվում են Abbott և այլ ընկերությունների հավաստագրված կենսանյութեր:
Շճաբանական լաբորատորիայում կատարվում է «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան ծառայության և Երևան քաղաքի մի շարք բժշկական կենտրոնների դոնորների և պացիենտների արյան նմուշների հետազոտում:
Լաբորատորիայում աշխատում են բարձր որակավորում ունեցող բժիշկ-լաբորանտներ։
Ներկայումս շճաբանական լաբորատորիայում կատարվում են հետևյալ բազմապրոֆիլ հետազոտությունները՝
- իմունաֆերմենտային եղանակով HIV սկրինինգային հետազոտություններ միաժամանակ HIV1 և HIV2-ի նկատմամբ հակամարմինների թեստ-համակարգերի օգնությամբ,
- վիրուսային В և С հեպատիտների հետազոտություններ՝ (HBs-Ag, HBс-Ag) սպիտակուցային հակածինների օգտագործմամբ վիրուսային В հեպատիտի և հակածիների կիրառմամբ՝ վիրուսային հեպատիտ С-ի ախտորոշման համար,
- բրուցելոզի, ցիտոմեգալովիրուսի, Էպշտեյն-Բարր վիրուսի որոշում,
- սեռական ճանապարհով փոխանցվող վարակների՝ սիֆիլիսի որոշում,
- ֆոլաթթվի, հոմոցիստեինի, ֆերրիտինի, B12 վիտամինի, վիտամին D որոշում,
- վահանաձև գեղձի հորմոնների և կորտիզոլի որոշում,
- ցիկլոսպորինի և մետոտրեքսատի մակարդակների որոշում, որոնք կարևոր են, քանի որ դեղերի թերապևտիկ միջակայքը նեղ է և անհրաժեշտ է պահպանել օպտիմալ մակարդակ՝ կողմնակի ազդեցություններից խուսափելու համար։
Իմունաարյունաբանության բաժանմունքը հիմնադրվել և ղեկավարվել է Թ.Լ. Թորգոմյանի կողմից՝ 1939 թվականին: 1962-1966 թթ. բաժանմունքը ղեկավարել է Ս.Ս. Ամիրխանյանը: 1966-2008 թթ. իմունաարյունաբանության բաժանմունքը ղեկավարել է բ.գ.դ. պրոֆեսոր Վալենտինա Մկրտիչի Ներսիսյանը: 2008 թ-ից մինչ օրս այն ղեկավարում է բ.գ.թ. Նելլի Հովհաննեսի Մուսայելյանը:
«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի իմունաարյունաբանության բաժանմունքը հագեցած է գերժամանակակից սարքավորումներով, ինչը հնարավորություն է տալիս իրականացնել մի շարք հետազոտություններ և լինել միակը ՀՀ-ում:
Իմունաարյունաբանության բաժանմունքը հագեցած է ORTHO VISION Swift, Bio Vue ORTHO WORKSTATION իմունաարյունաբանական ախտորոշման ավտոմատացված և կիսաավտոմատ սարքավորումներով, որոնք հնարավորություն են տալիս հետազոտություններն իրականացնել ավելի բարձր մակարդակով: Համակարգը թույլ է տալիս միաժամանակ իրականացնել տարբեր իմունաարյունաբանական հետազոտություններ: Կենտրոնը ՀՀ ԱՆ աջակցությամբ ձեռք է բերել Luminex FlexMap 3d անալիզատորը, որն առաջինն է ՀՀ-ում: Անալիզատորը հիմնված է լազերային հիմքով հոսքային ցիտոմետրիայի սկզբունքների վրա: Համակարգը տալիս է արագ և ծախսարդյունավետ կենսավերլուծության արդյունքներ բազմաթիվ ձևաչափերով և կարող է միաժամանակ չափել մինչև 500 գեն կամ սպիտակուց փոքր նմուշի ծավալից: Սարքավորումը հնարավորություն կտա հետագայում ներդնել մի շարք հետազոտություններ՝ բաժանմունքը դարձնելով միակը ՀՀ-ում:
Ստորև ներկայացված է այն հետազոտությունները, որոնք իրակականացվում են միայն «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի իմունաարյունաբանության բաժանմունքում
- Արյան խմբային և ռեզուս պատկանելիության որոշումը բարդ դեպքերում,
- Ոսկրածուծի և սոլիդ օրգանների փոխպատվասումներից առաջ հիվանդի և դոնորի համատեղելիության որոշում ըստ ABO, Rh-Hr, Kell և HLA համակարգերի,
- Էրիթրոցիտար համակարգի անտիգենների որոշում ընդլայնված սանդղակով (Kk, MNSs, P, Duffi, Kidd, Lewis, Lutheran),
- Արյան էրիթրոցիտար խիմերիզմի որոշում փոխներարկումների և փոխպատվաստման ժամանակ,
- Հակաէրիթրոցիտար ալլոհակամարմինների որոշում (11 հակածնի նկատմամբ),
- Հետփոխներարկումային ռեակցիաների հետազոտություն ըստ ABO, Rh-Hr, Kell և HLA համակարգերի,
- Ամուսնական զույգերի համատեղելիության որոշում ըստ ABO, Rh-Hr, Kell և HLA համակարգերի,
- Նորածինների մոտ հեմոլիտիկ հիվանդությունների պատճառների հայտնաբերում ըստ ABO, Rh-Hr և Kell համակարգերի և համապատասխան արյան բաղադրամասերի ընտրություն փոխանակային փոխներարկման համար,
- Իմուն ABO հակամարմինների որոշում կրծքի կաթի մեջ
- Աուտոիմուն սառը և տաք հակամարմինների տիտրի որոշում
Իմունաարյունաբանության բաժանմունքը զբաղվում է նաև գիտական, պրակտիկ և արտադրական գործունեությամբ:
Մեր կենտրոնում դոնորական արյան բոլոր նմուշներն անցնում են մանրակրկիտ ստուգում։ Արյան բանկի Մոլեկուլային գենետիկայի լաբորատորիայում իրականացվում է դոնորական արյան սքրինինգ NAT (Nucleic Acid Testing) մեթոդով՝ օգտագործելով ժամանակակից Procleix Panther ավտոմատացված համակարգը։ Այս տեխնոլոգիան թույլ է տալիս հայտնաբերել վիրուսների՝ ՄԻԱՎ, հեպատիտ B և հեպատիտ C գենետիկական նյութն այսպես կոչված «պատուհանի շրջանում», երբ վիրուսները դեռևս հնարավոր չէ հայտնաբերել այլ լաբորատոր մեթոդներով։ Շնորհիվ մեթոդի բարձր զգայունության և սպեցիֆիկության, նվազագույնի է հասցված դոնորական արյան միջոցով վարակների փոխանցման ռիսկը։
2023թ․ հուլիսի 14-ին ՀՀ կառավարության որոշմամբ Գյումրու Արյան փոխներարկման կայանը պաշտոնապես միացվել է ««Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոն» ՓԲԸ-ին՝ դառնալով կենտրոնի մարզային 5 բաժանմունքներից մեկը։
Գյումրիում արյան ծառայությունը հիմնադրվել է դեռևս 1937թ․-ին՝ քաղաքային թիվ 1 հիվանդանոցի բազայի վրա։ Տասնամյակների ընթացքում այն անցել է զարգացման տարբեր փուլեր՝ արյան հավաքագրման կետից մինչև Արյան փոխներարկման կայան։
«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնին միանալուց հետո բաժանմունքը կահավորվել է արդիական սարքավորումներով․
- Լաբորատոր փորձանոթների կենտրոնախույս սարք Hettich EBA 200,
- Լաբորատոր թերմոստատ-կենտրոնախույս սարք Ortho TM Workstation,
- Hemo Control անալիզատոր՝ արյան մեջ հեմոգլոբինի որոշման համար,
- Sysmex XQ-320 արյան ընդհանուր քննության անալիզատոր։
Գյումրու բաժանմունքն այժմ գործում է սահմանված ստանդարտներին համապատասխան՝ հավատարիմ լինելով «Յոլյան» կենտրոնի գերակա նպատակին՝ ապահովել անվտանգ, որակյալ և հասանելի արյան մատակարարում Հայաստանի ամբողջ տարածքում։ Բաժանմունքը տարեկան ապահովում է 800-ից ավելի արյունատվություն, արյան բաղադրամասերով է ապահովում Շիրակի մարզին և, ըստ անհրաժեշտության, այլ մարզերի հիվանդանոցներին։
Մասնագետներ
Նաիրա Մելիքսեթյան - Արյան ծառայության Գյումրու բաժանմունքի վարիչ
Արմենուհի Չախալյան - բժիշկ
Բելա Խաչատրյան - բժիշկ-իզոսերոլոգ
Կոնտակտային տվյալներ
Հասցե՝ ք․ Գյումրի, Մազմանյան 3ա (Թիվ 2 պոլիկլինիկայի մասնաշենքի 2-րդ հարկ)
Հեռախոսահամար՝ 0312-5-93-15
Աշխատանքային օրեր՝ երկուշաբթիից ուրբաթ
Ժամեր՝ 09։00 – 17։30-ն
2023թ․ հուլիսի 14-ին ՀՀ կառավարության որոշմամբ Գորիսի Արյան փոխներարկման կայանը պաշտոնապես միացվել է ««Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոն» ՓԲԸ-ին՝ դառնալով կենտրոնի մարզային 5 բաժանմունքներից մեկը։

Գորիսում Արյան փոխներարկման կայանը հիմնադրվել է 1968 թվականին՝ Կամեր Անտոնի Անտոնյանի նախաձեռնությամբ, Հայաստանում արյունաբանության հիմնադիր Ռուբեն Յոլյանի պատվին՝ նրա հայրենի Գորիս քաղաքում։ Սկզբում այն գործել է որպես Առողջապահության նախարարության Ռ․ Հ․ Յոլյանի անվան հեմոտոլոգիայի և տրանսֆուզիոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի մասնաճյուղ-Գորիսի Արյան փոխներարակման կայան, այնուհետև, տարբեր տարիների անվանափոխությունների է ենթարկվել։
Ներկայումս՝ ՀՀ ԱՆ ««Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոն» ՓԲԸ-ի Արյան ծառայության Գորիսի արյան բաժանմունքը 2024թ դեկտեմբերից գործում է Գորիս քաղաքի Արզումանյան 33 հասցեի նոր հիմնանորոգված շենքում։ Բաժանմունքը կահավորված է ամբողջովին նոր գույքով, հագեցված է ժամանակակից բժշկական սարքերով, տեղադրված է արևային կայան։

Բաժանմունքն այժմ սպասարկում է Սյունիքի մարզի բժշկական կենտրոններին և զինվորական հոսպիտալին։ Արյունատվության ծավալը տարեց տարի ավելանում է, վերջին տարում այն մոտ 400-ի է հասել։ Մարզում ինտենսիվ աշխատանքներ են տարվում անհատույց արյունատվության մշակույթի զարգացման համար, կազմակերպվում են արտագնա արյունատվության ակցիաներ։
Մասնագետներ
Արթուր Առաքելյան - Արյան ծառայության Գորիսի բաժանմունքի վարիչ
Գոհար Դավթյան - բժիշկ
Ժասմեն Հայրապետյան -բժիշկ-լաբորանտ
Կոնտակտային տվյալներ
Հասցե՝ ք․ Գորիս Արզումանյան փող․ շենք 33
Հեռախոսներ՝ 093 780116, 091 780116
Աշխատանքային օրեր՝ Երկուշաբթի - ուրբաթ
Ժամեր՝ 09։00-17։30
2023թ․ հուլիսի 14-ին ՀՀ կառավարության որոշմամբ «Լոռու մարզային արյան փոխներարկման կայան» ՓԲԸ-ն պաշտոնապես միացվել է ««Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոն» ՓԲԸ-ին՝ դառնալով կենտրոնի մարզային 5 բաժանմունքներից մեկը։
Լոռու մարզում արյան ծառայությունը ներդրվել է դեռևս 1950-ական թվականներին՝ որպես Լ. Արեշյանի անվան հիվանդանոցի արյան փոխներարկման բաժանմունք։ 1960թ․-ից կայանը դարձել է ինքնուրույն հաստատություն՝ «Կիրովականի արյան փոխներարկման կայան» անվամբ։

Կայանը բազմիցս արժանացել է պետական գնահատանքի՝
- 1977թ․ ՀՀ կառավարության փոխանցիկ Կարմիր դրոշ,
- 1982, 1984 և 1986թթ․՝ նոր պետական պարգևներ։
1984թ․-ից կայանը համագործակցել է Մոսկվայի արյան փոխներարկման ինստիտուտի հետ և բժշկուհի Գ. Սարգսյանի գլխավորությամբ առաջինն է Հայաստանում ներդրել բուժական պլազմաֆերեզի մեթոդը։
«Յոլյան» կենտրոնի կազմում ընդգրկվելուց հետո բաժանմունքը համալրվել է նոր ժամանակակից սարքավորումներով․
- գերզգայուն ORTHO™ Workstation համակարգ,
- Ցենտրիֆուգ (DL6MB) ,
- Հեմոգլոբինի անալիզատոր,
- Իմունոհեմատոլոգիական ավտոմատ սարքավորում,
- Պլազմայի հավաքագրման սարք /Аппарат автоматического цитоплазмафереза по ТУ 26.03.13-008-18833344-221/
որոնք զգալիորեն բարելավել են ծառայության մատուցման որակը և հասանելիությունը։
Վանաձորի արյան կայանը տարեկան ապահովում է 1200-ից ավելի արյունատվություն, սպասարկում է Լոռու և Տավուշի մարզային բժշկական կենտրոններին՝ ապահովելով անհրաժեշտ արյան բաղադրամասերով։
Մասնագետներ
Լիանա Մուրադյան - Արյան ծառայության Վանաձորի բաժանմունքի վարիչ
Գոհար Դանիելյան- Բժիշկ
Սուսաննա Աղաբեկյան- Բժիշկ-սերոլոգ
Անահիտ Դանիելյան - Բժիշկ-իզոսերոլոգ
Կոնտակտային տվյալներ
Հասցե` ք. Վանաձոր Գարեգին Նժդեհի 2/42
Հեռախոսահամար՝ +374 32 24 30 53 / +374 98 32 26 09
Աշխատանքային օրեր` երկուշաբթիից ուրբաթ
Ժամեր` 09:00 – 17:30
2023թ․ հուլիսի 14-ին ՀՀ կառավարության որոշմամբ Հրազդանի Արյան փոխներարկման կայանը պաշտոնապես միացվել է «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոն» ՓԲԸ-ին՝ դառնալով կենտրոնի մարզային 5 բաժանմունքներից մեկը։

Հրազդանում արյան ծառայությունը հիմնադրվել է 1960-ական թվականների սկզբին՝ որպես Հրազդանի շրջանային հիվանդանոցի կառուցվածքային ստորաբաժանում։
1997 թվականին այն առանձնացել է հիվանդանոցից՝ նախ որպես «Հրազդանի մարզային արյան բանկ» Պետական ձեռնարկություն, իսկ մեկ տարի անց՝ որպես «Հրազդանի մարզային արյան բանկ» ՊՊԲԸ՝ առևտրային կազմակերպություն։
«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնին միանալուց հետո՝ բաժանմունքը համալրվել է իմունոարյունաբանական հետազոտությունների իրականացման գերզգայուն ORTHO™ Workstation համակարգով (ORTHO BioVueR համակարգերում (միկրոփորձանոթներում) ագլուտինացիայի դիտարկման մեթոդով արյան ըստ ABO, Ռեզուս(DCcEe) և KELL(K1) համակարգերին պատկանելիության որոշման և հակաէրիթրոցիտար հակամարմինների հայտնաբերման համար)։

Հրազդանի արյան բաժանմունքը արյան
բաղադրամասերով է ապահովում՝
- Կոտայքի մարզի՝ Հրազդանի և Չարենցավանի բժշկական կենտրոններին,
- Գեղարքունիքի մարզի՝ Սևանի, Գավառի, Մարտունու, Վարդենիսի բժշկական կենտրոններին և Ճամբարակի առողջության կենտրոնին։
Տարեկան բաժանմունքը մատակարարում է շուրջ 400-450 արյան բաղադրամաս։
Մասնագետներ
Թադևոս Սեյրանյան - Արյան ծառայության Հրազդանի բաժանմունքի վարիչ
Նունե Սեդրակյան- Բժիշկ-լաբորանտ
Կոնտակտային տվյալներ
Հասցե` ք․ Հրազդան, Միքայելյան 29
Հեռախոսահամար՝ 093-53-54-57
Աշխատանքային օրեր` երկուշաբթիից ուրբաթ
Աշխատանքային ժամեր` 09:00 – 17:30-ն
2023թ․-ի հուլիսի 14-ին ՀՀ Կառավարության որոշմամբ Արմավիրի արյան փոխներարկման կայանը միացավ ՀՀ ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնին՝ դառնալով կենտրոնի մարզային 5 բաժանմունքներից մեկը։

Կայանն իր գործունեությունը սկսել է 1980թ․-ից, բայց որպես առանձին կառույց գործել է 1997թ․-ից։ Ներկայումս կայանն աշխատում է ամբողջ ծանրաբեռնվածությամբ և տարեկան ապահովում է 600-ից 700 արյան բաղադրամաս։ Սպասարկում է ոչ միայն մարզի բժշկական կենտրոններին՝ Արմավիրի, Բաղրամյանի, Մեծամորի, Վաղարշապատի հիվանդանոցներին, այլև Թալինի շտապ բժշկական օգնության կլինիկային։
«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնին միանալուց հետո՝ բաժանմունքը համալրվել է իմունոարյունաբանական հետազոտությունների իրականացման գերզգայուն ORTHO™ Workstation համակարգով (ORTHO BioVueR համակարգերում (միկրոփորձանոթներում) ագլուտինացիայի դիտարկման մեթոդով արյան ըստ ABO, Ռեզուս(DCcEe) և KELL(K1) համակարգերին պատկանելիության որոշման և հակաէրիթրոցիտար հակամարմինների հայտնաբերման համար)։
«Յոլյան» կենտրոնի հետ միավորումը նոր հնարավորություններ է ստեղծել՝ ինչպես մասնագիտական զարգացման, այնպես էլ տարածաշրջանային ծառայությունների բարելավման ուղղությամբ։
Մասնագետներ
Էդուարդ Դարբինյան -Արյան ծառայության Արմավիրի բաժանմունքի վարիչ
Օվսաննա Խաչատրյան-Բժիշկ- լաբորանտ
Մարինա Սահակյան-Բժիշկ -լաբորանտ
Կոնտակտային տվյալներ
Հասցե` ք․ Արմավիր, Շահումյան 3
Հեռախոսահամար՝ 0237-2-06-72
Աշխատանքային օրեր` երկուշաբթիից ուրբաթ
Աշխատանքային Ժամեր` 09։00-17։30-ն
| # | Անվանում | Նմուշ | Արժեք |
|---|---|---|---|
| 1 | Էրիթրոցիտար զանգված (1 փաթեթ) | 25000 ֏ | |
| 2 | Էրիթրոցիտար զանգվածի լվացում (1 փաթեթ) | 3000 ֏ | |
| 3 | Էրիթրոցիտար զանգված ( փոքր չափաբաժին 80-100 մլ) | 8000 ֏ | |
| 4 | Լեյկոֆիլտրված և տրոմբոցիտներից աղքատացված էրիթրոցիտար զանգված (1 փաթեթ) | 31000 ֏ | |
| 5 | Թարմ սառեցված պլազմա (1 փաթեթ) / մեծ չափաբաժին | 12000 ֏ | |
| 6 | Թարմ սառեցված պլազմա (1 փաթեթ) / միջին չափաբաժին | 7000 ֏ | |
| 7 | Թարմ սառեցված պլազմա (1 փաթեթ) / փոքր չափաբաժին | 5000 ֏ | |
| 8 | Ճառագայթված թրոմբոզանգված ստացված 1 պարկ ամբողջական արյունից (1 փաթեթ) | 10000 ֏ | |
| 9 | Կրիոպրիցիպիտատ (1 փաթեթ) | 15000 ֏ | |
| 10 | Հակառեզուս ի մունոգլոբուլին (1 դեղաբաժին) | 33500 ֏ | |
| 11 | Ստանդարտ խմբային շիճուկներ (10 մլ), O(I), A(II), B(III), AB(IV), Rh նոսրացող, ABO նոսրացող | 600 ֏ | |
| 12 | Մեկ պարկ արյան բաղադրամասի ճառագայթում ARDOK սարքով | 5000 ֏ | |
| 13 | Աֆերեզի եղանակով հավաքված թրոմբոցիտար կոնցենտրատ | 175000 ֏ | |
| 14 | Արտաժամյա արյան բաղադրամասերի պատրաստում | 20000 ֏ |